ՍԱՂՄՈՍ74
  • 1Ասափի Երգ։ Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ։
  • 2Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. Փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։
  • 3Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. Թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։
  • 4Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։
  • 5Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։
  • 6Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։
  • 7Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։
  • 8Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. Այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։
  • 9Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չ’կայ. Եւ մեզ մօտ մէկ գիտացող չ’կայ. Մինչեւ ե՞րբ։
  • 10Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. Մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։
  • 11Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. Հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։
  • 12Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։
  • 13Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։
  • 14Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը։
  • 15Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. Դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։
  • 16Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։
  • 17Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։
  • 18Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. Եւ յիմար ազգը անարգում է քո անունը։
  • 19Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. Քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ։
  • 20Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։
  • 21Թող խեղճը ետ չ’դառնա ամօթով. Թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։
  • 22Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։
← Ցանկ