ՍԱՂՄՈՍ77
- 1Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։ Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ’լսէ ինձ։
- 2Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
- 3Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)
- 4Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
- 5Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
- 6Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
- 7Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կ’գցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
- 8Մի՞թէ յաւիտեան կ’վերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կ’պակասի՞ ազգից մինչեւ ազգ։
- 9Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
- 10Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն ձեռքին է։
- 11Յիշում եմ Տիրոջ գործերը. Որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։
- 12Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
- 13Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
- 14Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
- 15Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
- 16Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։
- 17Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։
- 18Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։
- 19Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չ’յայտնուեցան։
- 20Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։
