ՍԱՂՄՈՍ78
  • 1Ասափի Երգ։ Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։
  • 2Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
  • 3Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
  • 4Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
  • 5Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։
  • 6Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
  • 7Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
  • 8Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
  • 9Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
  • 10Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
  • 11Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
  • 12Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։
  • 13Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
  • 14Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
  • 15Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
  • 16Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
  • 17Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
  • 18Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
  • 19Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
  • 20Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար։
  • 21Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
  • 22Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը։
  • 23Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։
  • 24Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
  • 26Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
  • 27Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
  • 28Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
  • 29Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
  • 30Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
  • 31Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
  • 32Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին։
  • 33Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
  • 34Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
  • 35Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
  • 36Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
  • 37Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
  • 38Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
  • 39Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
  • 40Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
  • 41Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։
  • 42Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
  • 43Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
  • 44Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել։
  • 45Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։
  • 46Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
  • 47Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
  • 48Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
  • 49Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
  • 50Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
  • 51Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։
  • 52Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
  • 53Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. Եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
  • 54Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։
  • 55Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
  • 56Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները։
  • 57Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
  • 58Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
  • 59Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
  • 60Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
  • 61Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
  • 62Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
  • 63Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին։
  • 64Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել։
  • 65Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։
  • 66Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
  • 67Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց։
  • 68Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։
  • 69Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
  • 70Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
  • 71Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
  • 72Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։
← Ցանկ