ՍԱՂՄՈՍ78
- 1Ասափի Երգ։ Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։
- 2Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
- 3Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
- 4Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
- 5Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։
- 6Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
- 7Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
- 8Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
- 9Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
- 10Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
- 11Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
- 12Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։
- 13Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
- 14Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
- 15Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
- 16Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
- 17Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
- 18Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
- 19Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
- 20Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար։
- 21Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
- 22Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը։
- 23Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։
- 24Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
- 25Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։
- 26Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
- 27Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
- 28Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
- 29Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
- 30Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
- 31Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
- 32Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին։
- 33Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
- 34Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
- 35Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
- 36Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
- 37Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
- 38Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
- 39Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
- 40Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
- 41Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։
- 42Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
- 43Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
- 44Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել։
- 45Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։
- 46Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
- 47Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
- 48Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
- 49Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
- 50Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
- 51Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։
- 52Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
- 53Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. Եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
- 54Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։
- 55Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
- 56Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները։
- 57Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
- 58Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
- 59Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
- 60Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
- 61Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
- 62Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
- 63Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին։
- 64Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել։
- 65Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։
- 66Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
- 67Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց։
- 68Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։
- 69Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
- 70Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
- 71Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
- 72Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։
