ՍԱՂՄՈՍ90
- 1Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։ Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։
- 2Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։
- 3Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։
- 4Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. Եւ ինչպէս մին պահ գիշերումը։
- 5Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։
- 6Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում։
- 7Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։
- 8Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.
- 9Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. Մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։
- 10Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։
- 11Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։
- 12Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։
- 13Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։
- 14Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։
- 15Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. Այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։
- 16Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։
- 17Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. Եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։
