ԵՍԱՅԻԱ60
  • 1Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։
  • 2Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. Բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։
  • 3Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը։
  • 4Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. Քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած։
  • 5Այն ժամանակ կ’տեսնես եւ կ’զմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կ’դողայ եւ կ’լայնանայ. Որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ։
  • 6Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։
  • 7Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ. Վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես իմ փառաց տունը պիտի փառաւորեմ։
  • 8Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։
  • 10Եւ օտարների որդիքը պիտի քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն. Որովհետեւ իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ։
  • 11Եւ քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չ’կապուին. Որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կ’գան։
  • 12Որովհետեւ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. Եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։
  • 13Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ։
  • 14Եւ քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. Եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սուրբի Սիօնը։
  • 15Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ։
  • 16Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ Յակոբի հզօրս։
  • 17Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը։
  • 18Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. Եւ դու Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը։
  • 19Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. Այլ Եհովան կ’լինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։
  • 20Քո արեւն այլ եւս պիտի մար չ’մտնէ, եւ քո լուսինը չ’նուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։
  • 21Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։
  • 22Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ։
← Ցանկ