ԵՐԵՄԻԱ50
  • 1Այն խօսքը որ Տէրը խօսեց Քաղդէացիների երկրի՝ Բաբիլոնի մասին Երեմիա մարգարէի ձեռովը։
  • 2Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։
  • 3Որովհետեւ նորա վերայ հիւսիսից մի ազգ եկաւ, նա նորա երկիրը աւերակ պիտի անէ, եւ նորանում բնակող չէ լինելու. Մարդից մինչեւ անասուն պիտի փախչեն գնան։
  • 4Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ իրանք եւ Յուդայի որդիքը միասին. քայլելով ու լալով պիտի գնան եւ իրանց Տէր Աստուծուն որոնեն։
  • 5Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով։
  • 6Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորանց հովիւները մոլորեցնում են նորանց, սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։
  • 7Ամեն ով որ նորանց գտաւ՝ կերաւ նորանց, եւ նորանց նեղիչներն ասեցին՝ Մենք յանցաւոր չենք, նորա փոխարէն, որ նորանք մեղք են գործել Տիրոջ արդարութեան բնակարանի դէմ, եւ իրանց հայրերի յուսատեղի՝ Տիրոջ դէմ։
  • 8Փախէք Բաբիլոնի միջիցը, եւ դուրս եկէք Քաղդէացիների երկրիցը, եւ նոխազների պէս եղէք հօտերի առաջին։
  • 9Որովհետեւ ահա ես պիտի զարթնեցնեմ եւ բերեմ Բաբիլոնի վերայ մեծամեծ ազգերի ժողովք հիւսիսի երկրիցը. նորանք շարվում են նորա դէմ, եւ նա կ’առնուի այնտեղից. Նորա նետերը հմուտ տղամարդի պէս են՝ պարապ չեն ետ դառնալ։
  • 10Եւ Քաղդէացիների երկիրը աւար պիտի լինի. նորա ամեն աւարառուները պիտի կշտանան, ասում է Տէրը։
  • 11Որովհետեւ ուրախանում էք եւ ցնծում էք, ով իմ ժառանգութիւնը կողոպտողներ, որովհետեւ ոստնում էք խոտի միջի երինջին նման եւ երիվարների պէս խխնջում.
  • 12Ձեր մայրը պիտի շատ ամաչէ, ձեզ ծնողը պիտի պատկառէ, ահա նա ազգերի յետինը, անապատ, անջուր, եւ ամայի պիտի լինի։
  • 13Տիրոջը ցասումի պատճառով նա պիտի չ’բնակուի, այլ պիտի բոլորովին աւերակ դառնայ, Բաբիլոնի մօտով ամեն անց կենողը պիտի հիանայ եւ սուլէ նորա ամեն հարուածների վերայ։
  • 14Շարուեցէք Բաբիլոնի դէմ շուրջանակի, ով բոլոր աղեղ լարողներ, գցեցէք նորա վերայ, նետերը մի խնայէք, որ նա մեղանչել է Տիրոջ դէմ։
  • 15Աղաղակեցէք նորա դէմ շուրջանակի, նա անձնատուր եղաւ. Նորա բուրգերը վայր ընկան, նորա պարիսպները հիմնայատակ եղան. Որովհետեւ սա Տիրոջ վրէժխնդրութիւնն է, նորանից վրէժ առէք, ինչպէս նա է արել՝ արէք իրան։
  • 16Կոտրեցէք սերմողին Բաբիլոնից եւ մանգաղաւորին հունձի ժամանակին բռնաւորի սուրի երեսիցը. ամեն մարդ ետ դառնայ իր ժողովրդին, եւ ամեն մարդ իր երկիրը փախչէ։
  • 17Իսրայէլը մի մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել. Նախ նորան Ասորեստանի թագաւորը կերաւ, եւ ահա յետոյ նորա ոսկորները փշրեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։
  • 18Սորա համար Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ նորա երկրին, ինչպէս այցելել եմ Ասորեստանի թագաւորին։
  • 19Եւ ես Իսրայէլին պիտի դարձնեմ իր բնակարանը. Եւ նա պիտի արածէ Կարմեղոսումը եւ Բասանումը, եւ Եփրեմի սարի վերայ եւ Գաղաադումը պիտի կշտանայ նորա հոգին։
  • 20Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի Իսրայէլի անօրէնութիւնը որոնուի, բայց պիտի չ’լինի նա. Եւ Յուդայի մեղքերը՝ բայց պիտի չ’գտնուին. Որովհետեւ ես պիտի ներեմ նորանց, որոնց մնացորդ պահեցի։
  • 21Մերաթայիմ երկրի մասին. Վեր ելիր նորա վերայ եւ Փակուդի բնակիչների դէմ, աւերիր եւ նզովածի պէս բնաջինջ արա նորանց ետեւից, ասում է Տէրը, եւ արա այն ամենի պէս որ քեզ պատուիրում եմ.
  • 22Երկրումը պատերազմի ձայն կայ, եւ մեծ կոտորած:
  • 23Ի՜նչպէս կոտրուեցաւ ու փշրուեցաւ բոլոր երկրի մուրճը, ի՜նչպէս աւերակ եղաւ Բաբիլոնը ազգերի մէջ:
  • 24Ես որոգայթ լարեցի քեզ համար, դու էլ բռնուեցար, ով Բաբիլոն, բայց դու չ’գիտացիր, գտնուեցար եւ բռնուեցար. որովհետեւ Տիրոջ դէմ հակառակեցիր:
  • 25Տէրը բաց արաւ իր զինարանը, եւ հանեց իր բարկութեան գործիները. որովհետեւ գործ ունի Զօրաց Տէր Աստուածը Քաղդէացիների երկրումը:
  • 26Եկէք նորա վերայ ծայրերից, բացէք նորա շտեմարանները, դէզ տուէք նորան խոարձի չեղջերի պէս, եւ նորան նզովեցէք, նորա համար մնացորդ չ’լինի:
  • 27Փչացրէք նորա բոլոր զուարակները, թող նորանք իջնեն սպանդանոցը. վա՜յ նորանց, որովհետեւ եկել է նորանց օրը` նորանց այցելելու ժամանակը:
  • 28Բաբիլոնի երկրից փախչողների եւ ազատուողների ձայնը, որ պատմէ Սիօնում մեր Տէր Աստուծոյ վրէժխնդրութիւնը` նորա տաճարի վրէժխնդրութիւնը:
  • 29Բաբիլոնի վերայ հրաւիրեցէք աղեղնաւորներին. ով բոլոր աղեղնաւորներ, նորա դէմ բանակ տուէք շուրջանակի, ազատուող չ’լինի. նորան հատուցրէք նորա գործքի համեմատ, այն ամենի համեմատ որ նա է արել` արէք իրան. որ նա հպարտացաւ Տիրոջ` Իսրայէլի Սուրբի դէմ:
  • 30Սորա համար նորա երիտասարդները պիտի ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմի մարդիկը պիտի պապանձուին այն օրը, ասում է Տէրը:
  • 31Ահա ես քեզ դէմ եմ, ով հպարտ, ասում է Զօրաց Եհովայ Տէրը. որովհետեւ եկել է քո այցելութեան ժամանակը:
  • 32Եւ հպարտը պիտի սահէ եւ վայր ընկնէ, եւ մի կանգնեցնող պիտի չ’լինի նորա համար, եւ ես նորա քաղաքների մէջ կրակ պիտի վառեմ, եւ նա պիտի լափէ նորա բոլոր շրջակայքը:
  • 33Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միասին զրկուեցան եւ բոլոր նորանց գերի անողները բռնեցին նորանց, չ’ուզեցին նորանց արձակել:
  • 34Նորանց Փրկիչը զօրաւոր է, Զօրաց Եհովայ է նորա անունը. նա անպատճառ պիտի ջատագովէ նորանց դատը, որ երկիրն հանգստութիւն տայ, եւ դողացնէ Բաբիլոնի բնակիչներին:
  • 35Սու՜ր Քաղդէացիների վերայ, ասում է Տէրը, եւ Բաբիլոնի բնակիչների վերայ, եւ նորա իշխանների եւ նորա իմաստունների վերայ:
  • 36Սու՜ր շաղակրատների վերայ, որ յիմարանան. սու՜ր նորա տղամարդկանց վերայ, որ զարհուրեն:
  • 37Սու՜ր նորա ձիերի եւ նորա կառքերի վերայ, եւ նորա միջում եղող բոլոր խառնիճաղանճի վերայ, որ կնիկների նման դառնան. սու՜ր նորա գանձերի վերայ, որ յափշտակուին:
  • 38Զորութի՜ւն նորա ջրերի վերայ, որ չորանան, որ նա կուռքերի երկիր է, եւ սոսկալի բաներով գժվում են:
  • 39Դորա համար այնտեղ վայրի կատուներ եւ բորենիներ պիտի բնակուեն, եւ ջայլամներ պիտի բնակուեն նորանում, եւ նա պիտի չ’բնակուի միւսանգամ յաւիտեան, եւ շէն պիտի չ’լինի ազգէ ազգ:
  • 40Ինչպէս որ Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը եւ նորա դրացիներին, ասում է Տէրը, այնտեղ էլ մարդ պիտի չ’բնակուէ, եւ բնակութիւն չ’անէ նորանում մարդի որդի:
  • 41Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսից, եւ մի մեծ ազգ եւ շատ թագաւորներ զարթնում են երկրի ծայրերիցը:
  • 42Նորանք աղեղ եւ գեղարդ ունին, անգութ են նորանք եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը ծովի պէս է գոռում, եւ ձիերի վերայ են հեծած` պատրաստուած են պատերազմի մարդի նման քեզ դէմ, ով Բաբիլոնի աղջիկ:
  • 43Բաբիլոնի թագաւորը լսեց նորանց լուրը, եւ նորա ձեռները թուլացան, տագնապը նորան բռնեց իբրեւ ծննդականի երկունք:
  • 44Ահա առիւծի պէս բարձրանում է Յորդանանի փառքիցը դէպի ամուր բնակարանը. որովհետեւ իսկոյն պիտի նորանց փախցնեմ նորա վերայից եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ նշանակեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ է կարող իմ ժամանակը որոշել, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին:
  • 45Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբիլոնի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Քաղդէացիների երկրի վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ պիտի աւերէ բնակարանը նորանց հետ:
  • 46Բաբիլոնի առնուելու ձայնիցը երկիրը պիտի դողայ, եւ աղաղակը պիտի լսուի ազգերի մէջ:
← Ցանկ