ԵԶԵԿԻԵԼ10
  • 1Եւ ես նայեցի եւ ահա այն հաստատութեան վերայ, որ քերովբէներին գլխի վերայ էր, շափիւղայ քարի պէս աթոռի նմանութեան կերպարանքով մի բան երեւում էր նորանց վերայ.
  • 3Եւ քերովբէները կանգնած էին տան աջ կողմին այն մարդը մտնելիս, եւ ամպը լցրեց ներսի գաւիթը։
  • 4Եւ Տիրոջ փառքը բարձրացաւ քերովբէների վերայից տան սեամի վերայ, եւ տունը լցուեցաւ ամպովը եւ գաւիթն էլ լցուեցաւ Տիրոջ փառաց պայծառութիւնովը։
  • 5Եւ քերովբէների թեւերի ձայնը լսվում էր մինչեւ դուրսի սրահը իբրեւ Ամենակարող Աստուծոյ ձայնը երբոր խօսում է։
  • 6Եւ եղաւ երբոր հրամայեց քթանի հագուստ հագած մարդին ասելով՝ Անիւների միջից քերովբէների մէջտեղից կրակ վեր առ, նա գնաց ու կանգնեց անիւի մօտ.
  • 7Եւ քերովբէների միջից քերովբէն մեկնեց իր ձեռքը դէպի քերովբէների մէջտեղը եղող կրակը եւ վեր առաւ դրաւ քթանի հագուստ հագածի ափումը, եւ նա առաւ ու դուրս եկաւ։
  • 8Եւ քերովբէների թեւերի տակին մի մարդի ձեռքի նմանութիւն էր երեւում։
  • 9Եւ ես մտիկ տուի, եւ ահա չորս անիւներ կային քերովբէների կշտին՝ մէկ անիւը մէկ քերովբէի կշտին, եւ մէկ անիւն էլ մէկ քերովբէի կշտին, եւ անիւների կերպարանքը ոսկեքարի տեսքի պէս։
  • 10Եւ նորանց չորսի կերպարանքն էլ մէկ նմանութիւն ունէր՝ իբր թէ անիւ անիւի մէջ լինէր.
  • 11Գնալիս դէպի չորս քառակողմն էին գնում, շուռ չէին գալիս երբոր գնում էին, որովհետեւ այն կողմը ուր որ ուղղուած էր գլուխը՝ նորա ետեւիցն էին գնում. Նորանք շուռ չէին տալիս երբոր գնում էին։
  • 12Եւ նորանց բոլոր մարմինները եւ նորանց մէջքերը ու ձեռքերը եւ նորանց թեւերը եւ անիւները լիքն էին աչքերով շուրջանակի այն չորս անիւները։
  • 13Անիւների մասին՝ նորանց կանչեցին՝ Մրրիկ, իմ ականջների առաջին։
  • 14Եւ ամեն մէկը չորս երես ունէր. Մէկի երեսը քերովբէի երեսն էր, եւ երկրորդի երեսը մարդի երես էր, եւ երրորդը՝ առիւծի երես, եւ չորրորդը՝ արծիւի երես։
  • 15Եւ քերովբէները վերացան։ Սորանք են այն կենդանիները որոնց տեսայ Քոբար գետի մօտ։
  • 16Եւ քերովբէները գնալիս անիւները կշտովը գնում էին. Եւ երբոր քերովբէները բարձրացնում էին իրանց թեւերը որ վերանան երկրի վերայից, անիւներն էլ շուռ չէին տալիս նորանց կշտիցը։
  • 17Նորանք կանգնելիս կանգնում էին, եւ նորանք վերանալիս վերանում էին նորանց հետ, որովհետեւ կենդանիի ոգին կար նորանցում։
  • 18Եւ դուրս եկաւ Տիրոջ փառքը տան սեամի վերայից եւ կանգնեց քերովբէների վերայ։
  • 19Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ վերացան երկրիցը իմ աչքերի առաջին դուրս գալով, եւ անիւները նորանց մօտին, եւ կանգնեցին Տիրոջ տան արեւելեան դռան մուտքումը, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւից։
  • 20Սորանք էին այն կենդանիքը, որ ես տեսայ Իսրայէլի Աստուծոյ տակին Քոբար գետի մօտ եւ գիտացի, որ քերովբէներ են նորանք։
  • 21Ամեն մէկը չորս չորս երես ունէին, եւ ամեն մէկը չորս թեւ, եւ մարդի ձեռքերի նմանութիւն կար նորանց թեւերի տակին։
  • 22Եւ նորանց երեսների նմանութիւնը այն երեսներինն էր, որ տեսել էի Քոբար գետի մօտ՝ նորանց կերպարանքը եւ իրանք ամեն մէկը ուղիղ դէպի առաջ էր գնում։
← Ցանկ