ԵԶԵԿԻԵԼ7
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։
  • 4Եւ իմ աչքը քեզ պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’խնայեմ. Այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ Տէրը։
  • 5Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։
  • 6Վախճանն է գալիս, եկել է վախճանը. Արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։
  • 7Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։
  • 8Հիմա մօտերիս պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։
  • 9Եւ իմ աչքը պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։
  • 10Ահա օրը, ահա գալիս է, դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։
  • 11Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. Ոչ մի բան նորանցից, ոչինչ նորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չ’մնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։
  • 12Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չ’ուրախանայ եւ ծախողը չ’ողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։
  • 13Նորա համար որ ծախողը ետ պիտի չ’դառնայ իր ծախուածին, թէպէտեւ նա տակաւին ապրողների մէջ ողջ լինի. Որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չ’դառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չ’ուժովանայ։
  • 14Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չ’կայ. Որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։
  • 15Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. Դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։
  • 16Եւ նորանց ազատուածները, որ կ’ազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։
  • 17Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։
  • 18Եւ քուրձեր պիտի հագնեն, եւ արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։
  • 19Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. Որովհետեւ նա եղաւ նորանց անօրէնութեան գայթակղութիւնը։
  • 20Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։
  • 21Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամբարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։
  • 22Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. Եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։
  • 23Շինիր շղթան, որովհետեւ երկիրը լցուեցաւ արեան դատաստաններով, եւ քաղաքը բռնութիւնով լցուեցաւ։
  • 24Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադարեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։
  • 25կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չ’կայ։
  • 26Թշուառութիւն թշուառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։
  • 27Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. Նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կ’իմանան, որ ես եմ Տէրը։
← Ցանկ