ԴԱՆԻԵԼ9
  • 1Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, որ մարաց սերունդիցն էր եւ թագաւոր դրուեցաւ Քաղդէացիների թագաւորութեան վերայ,
  • 2Նորա թագաւորութեան առաջի տարին ես Դանիէլս իմացայ գրքերումը այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով։
  • 4Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին.
  • 5Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը.
  • 6Եւ չ’լսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ։
  • 7Քոնն է, ով Տէր, արդարութիւնը, իսկ մերը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է, Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին եւ բոլոր Իսրայէլին մօտաւորներին եւ հեռաւորներին այն ամեն երկիրներում, ուր որ նորանց աքսորել ես նորանց այն յանցանքի համար, որ գործեցին քեզ դէմ։
  • 8Տէր, մերն է երեսի ամօթը՝ մեր թագաւորներինը, մեր իշխաններինը եւ մեր հայրերինը, որ մեղանչեցինք քեզ դէմ։
  • 9Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը, որովհետեւ մենք ապստամբեցինք նորա դէմ,
  • 10Եւ չ’լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որ գնայինք նորա օրէնքովը, որոնք նա դրաւ մեր առաջին իր ծառաների՝ մարգարէների ձեռովը.
  • 11Եւ բոլոր Իսրայէլը զանց արաւ քո օրէնքը եւ խոտորեցաւ, որ չ’լսէ քո ձայնին եւ թափուեցաւ մեզ վերայ այն անէծքը եւ երդումը որ գրուած է Աստուծոյ ծառայ Մովսէսի օրէնքումը. Որովհետեւ մենք մեղանչեցինք նորա դէմ։
  • 12Եւ նա հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեզ դատող մեր դատաւորների մասին՝ մեզ վերայ մեծ չարիք բերելով, այնպէս որ երկնքի տակ եղած չէ ինչպէս որ եղաւ Երուսաղէմին։
  • 13Մովսէսի օրէնքումը գրուածին պէս այս բոլոր չարիքը եկաւ մեզ վերայ, սակայն մենք չ’խնդրեցինք մեր Տէր Աստուծոյ երեսը, որ ետ դառնայինք մեր անօրէնութիւններիցը եւ խելամտէինք քո ճշմարտութեան մէջ։
  • 14Եւ Տէրը հսկեց այս չարիքի համար եւ նորան բերաւ մեզ վերայ. Որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր արած բոլոր գործերի մասին. իսկ մենք չ’լսեցինք նորա ձայնին։
  • 15Եւ արդ, ով մեր Տէր Աստուած, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրիցը հանեցիր հզօր ձեռքով, եւ քեզ համար անուն շինեցիր, ինչպէս որ այսօր է. մենք մեղանչեցինք անօրինացանք։
  • 16Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից՝ քո Երուսաղէմ քաղաքիցը. Որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին։
  • 17Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղաչանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիւ։
  • 18Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչուած է քո անունը, որովհետեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար։
  • 19Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ։
  • 20Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար.
  • 21Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին,
  • 22Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ.
  • 23Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. Ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը.
  • 24Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։
  • 25Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։
  • 26Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կ’լինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։
  • 27Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. Եւ տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւնը կ’լինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կ’թափուի աւերածի վերայ։
← Ցանկ