ՈՎՍԵ4
  • 1Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Իսրայէլի որդիք, որ Տէրը վէճ ունի երկրի բնակիչների հետ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ, ողորմութիւն չ’կայ, եւ Աստուծոյ գիտութիւն չ’կայ երկրի մէջ։
  • 2Երդնուլն ու ստելը եւ սպանելն ու գողանալն ու պոռնկանալը դուրս են թափուել. Եւ արիւնները արիւնների են հասնում։
  • 3Դորա համար երկիրը սուգ պիտի անէ, եւ պիտի նուաղին նորա բոլոր բնակիչները դաշտի գազանների եւ երկնքի թռչունների հետ, եւ ծովի ձկերն էլ պիտի վերջանան։
  • 4Սակայն թող մարդ չ’վիճէ, եւ մարդ չ’յանդիմանէ. Բայց քո ժողովուրդը քահանայի հետ վիճողների պէս է։
  • 5Եւ դու կ’գլորուիս ցերեկը, եւ կ’գլորուի քեզ հետ մարգարէն էլ գիշերը, եւ պիտի բնաջինջ անեմ քո մօրը։
  • 6Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չ’լինելուն համար. Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու։
  • 7Որչափ որ բազմացան, այնչափ մեղանչեցին ինձ դէմ. նորանց փառքը ես անարգութեան պիտի փոխեմ։
  • 8Նորանք ուտում են իմ ժողովրդի մեղքը, եւ սրտով ցանկանում են նորանց անօրէնութեանը։
  • 9Եւ պիտի լինի ինչպէս ժողովրդին նոյնպէս էլ քահանային, եւ նորանց պիտի պատժեմ նորանց ճանապարհների համեմատ, եւ նորանց գործերը պիտի հատուցանեմ իրանց։
  • 10Եւ նորանք կ’ուտեն ու չեն կշտանալ, կ’պոռնկանան ու չեն բազմանալ. Որովհետեւ թողել են Տիրոջը որ չ’հնազանդեն։
  • 11Շնութիւնը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը։
  • 12Իմ ժողովուրդը իր փայտին է հարցնում, եւ իր ցուպը պիտի իմացնէ նորան. Որովհետեւ պոռնկութեան հոգին խաբել է, եւ պոռնկացան իրանց Աստուծուն չ’հպատակելով։
  • 13Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի, կաղամախի եւ բեւեկնիի տակ՝ ըստ որում հովանին սիրուն է. սորա համար ձեր աղջիկները պիտի պոռնկանան, եւ ձեր հարսերը շնութիւն անեն։
  • 15Թէեւ դու պոռնկանաս, ով Իսրայէլ, Յուդան թող յանցաւոր չ’լինի. Եւ մի գնաք Գաղգաղա, եւ վեր մի ելնէք Բեթաւան, եւ երդում մի անէք՝ Կենդանի է Տէրը։
  • 16Որովհետեւ ապստամբ երինջի պէս ապստամբել է Իսրայէլ. Հիմա նորանց պիտի արածեցնէ Տէրը գառերի պէս լայնարձակ տեղ։
  • 17Եփրեմը կուռքերին է փակել. թող տուր դորան։
  • 18Խոտորնակ է նորանց արբեցողութիւնը՝՝, շնութիւնով շնացել են, սիրով սիրահարուել են ամօթի նորա իշխանները։
  • 19Քամին նորան փաթաթել է իր թեւերի մէջ եւ նորանք պիտի ամաչեն իրանց զոհերիցը։
← Ցանկ