ԹՎՈՑ19
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 2Այս է օրէնքի կանոնը որ Եհովան պատուիրեց ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ, որ քեզ մօտ մի կարմիր երինջ բերեն անարատ, որ մի բիծ չ’ունենայ, որի վերայ լուծ դրուած չ’լինի։
  • 3Եւ Եղիազար քահանային տաք այն, եւ նա բանակիցը դուրս հանէ նորան, եւ նորա առաջին մորթեն նորան։
  • 4Եւ Եղիազար քահանան իր մատովը նորա արիւնիցը առնէ եւ դէպի ժողովքի խորանի առաջի կողմը եօթն անգամ սրսկէ նորա արիւնիցը։
  • 5Եւ իր աչքի առաջին այրեն երինջը, նորա մորթը եւ նորա միսը, եւ նորա արիւնը աղբովը մէկտեղ այրեն։
  • 6Եւ քահանան առնէ եղեւին փայտ, զոպայ եւ կրկնակի կարմիր, եւ երնջի այրուած կրակի մէջ գցէ։
  • 7Եւ քահանան իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ յետոյ բանակը մտնէ. Եւ քահանան մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 8Եւ նորան այրողն իր հանդերձները ջրով ողողէ եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 9Եւ մի մաքուր մարդ երնջի մոխիրը ժողովէ եւ բանակից դուրս մի մաքուր տեղ դնէ. Եւ Իսրայէլի որդկանց ժողովքի համար պահուած մնայ, մեղաց համար մաքրութեան ջուր է նա։
  • 10Եւ երնջի մոխիրը ժողովողը իր հանդերձները ողողէ ջրով, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սա Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ պանդխտացող օտարականի համար յաւիտենական կանոն լինի։
  • 11Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ, եօթը օր անմաքուր լինի։
  • 12Նա երրորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը նորանով մաքրուի, եւ եօթներորդ օրը մաքուր լինի, բայց եթէ չ’մաքրուի երրորդ օրը, եօթներորդ օրն էլ մաքուր չի լինիլ։
  • 13Ով որ մեռած մարդի մարմնի դպչէ եւ չ’մաքրուի, նա Եհովայի խորանը պղծում է. Եւ այն անձը Իսրայէլից կորչի, որովհետեւ նորա վերայ մաքրութեան ջուր չ’սրսկուեցաւ, նա անմաքուր լինի. իր անմաքրութիւնը տակաւին իր վերայ է։
  • 14Այս է վրանի մէջ մեռնող մարդի համար օրէնքը. Այն վրանի մէջն ամեն մտնողը եւ այն վրանումն ամեն եղողը եօթն օր անմաքուր լինի։
  • 15Եւ ամեն բաց աման, որի վերան կապով խուփ չ’կայ, անմաքուր լինի։
  • 16Եւ ով որ դպչէ դաշտի վերայ սրով սպանուածի կամ մեռածի, կամ մարդի ոսկորի եւ կամ գերեզմանի, եօթն օր անմաքուր լինի։
  • 17Եւ առնեն անմաքուր եղողի համար՝ այն մեղաց համար այրուած երնջի մոխրիցը եւ նորա վերայ կենդանի ջուր ածեն մի ամանի մէջ.
  • 18Եւ մի մաքուր մարդ զոպայ առնէ, եւ այն ջրովը թրչէ, եւ սրսկէ այն վրանի վերայ եւ բոլոր ամանների վերայ եւ այնտեղ եղած մարդկանց վերայ, եւ ոսկորի եւ կամ սպանուածի կամ մեռածի եւ կամ գերեզմանի դպչողի վերայ։
  • 19Եւ մաքուրը սրսկէ անմաքուրի վերայ երրորդ օրը եւ եօթներորդ օրը, եւ եօթներորդ օրը նորան մաքրէ, եւ նա իր հանդերձները ողողէ եւ ջրով լուացուի եւ իրիկունը մաքուր լինի։
  • 20Բայց այն մարդը որ անմաքուր է եւ չէ մաքրվում, այն անձը ժողովքի միջիցը կորչի, որովհետեւ Եհովայի սրբարանը պղծեց. Նորա վերայ մաքրութեան ջուրը չ’սրսկուեցաւ, նա անմաքուր է։
  • 21Եւ նորանց համար յաւիտենական կանոն լինի, որ մաքրութեան ջուրը սրսկողն իր հանդերձները ողողէ, եւ մաքրութեան ջրին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 22Եւ անմաքուր անձը ամեն ինչի որ դպչէ, նա էլ անմաքուր լինի. Եւ նորան դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
← Ցանկ