ԹՎՈՑ21
  • 1Եւ հարաւային կողմում բնակուող Քանանացի Արադի թագաւորը լսեց, որ Իսրայէլն Աթարիմի ճանապարհովը գալիս է, եւ Իսրայէլի հետ պատերազմեց. Եւ նորանցից գերիներ առաւ։
  • 2Եւ Իսրայէլն ուխտ արաւ Եհովային եւ ասեց. Եթէ այս ժողովուրդն իմ ձեռքը մատնես, նորանց քաղաքները կ’նզովեմ։
  • 3Եւ Եհովան Իսրայէլի ձայնը լսեց, եւ Քանանացին նորա ձեռքը տուաւ. Եւ նա նզովեց նորանց եւ նորանց քաղաքները, եւ այն տեղի անունը Հօրմա դրաւ։
  • 4Եւ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով չուեցին որ Եդովմի երկրովը պտոյտ տան. Եւ ժողովրդի սիրտը նեղացաւ ճանապարհին։
  • 5Եւ ժողովուրդը Աստուծոյ դէմ եւ Մովսէսի դէմ խօսեցին. Ի՞նչու մեզ Եգիպտոսից հանեցիք՝ որ անապատումը մեռնենք. Որովհետեւ հաց չ’կայ, ջուր չ’կայ. Եւ այս չնչին հացիցը մեր սիրտը զզուել է։
  • 6Եւ Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ։
  • 7Եւ ժողովուրդը եկաւ Մովսէսի մօտ եւ ասեցին. Մենք մեղանչեցինք Եհովայի դէմ եւ քեզ դէմ խօսելով. աղօթք արա Եհովային որ մեր վերայից օձերը վեր առնի. Եւ Մովսէսն աղաչեց ժողովրդի համար։
  • 8Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նորան դիր մի ձողի վերայ. Եւ կ’լինի՝ ամեն ով որ կծուի, թող նորան մտիկ տայ, եւ կ’ապրէ։
  • 9Եւ Մովսէսը մի պղնձի օձ շինեց, եւ ձողի վերայ դրաւ այն. Եւ եղաւ որ օձը երբոր մարդի կծում էր, նա մտիկ էր անում պղնձի օձին, եւ առողջանում էր։
  • 10Եւ Իսրայէլի որդիքը չուեցին, եւ Ոբովթի մէջ իջեւան արին։
  • 11Եւ Ոբովթից չուեցին, եւ Իյէ-աբարիմի մէջ դէպի արեւելեան կողմը Մովաբի դէմի անապատումը իջեւան արին։
  • 12Այն տեղից էլ չուեցին, եւ Զարեդ ձորումը իջեւան արին։
  • 13Այնտեղից չուեցին, եւ իջեւան արին Առնոնի միւս կողմի այն անապատումը, որ Ամօրհացիների սահմանիցն է ելնում. Որովհետեւ Առնոնը Մովաբացիների սահմանն է, Մովաբացիների եւ Ամօրհացիների մէջտեղը։
  • 14Նորա համար Եհովայի պատերազմների գրքումը ասվում է. Վահէպը Սուֆայումը, Եւ Առնոնի գետերը, Եւ գետերին յորձանքը.
  • 15Որ դառնում է դէպի Արի բնակարանը. Եւ թեքվում է դէպի Մովաբի սահմանը։
  • 16Եւ այնտեղից եկան Ջրհորը. Սա այն ջրհորն է, որի համար Եհովան ասել էր Մովսէսին. Ժողովրդին ժողովիր, եւ ես նորանց ջուր կ’տամ։
  • 17Այն ժամանակ Իսրայէլն այս երգը երգեց. Հոր, բղխիր. Երգեցէք նորա համար.
  • 18Հորը, որ իշխանները փորեցին, Ժողովրդի ազնուականները քանդեցին. Գաւազանով եւ իրանց ցուպերովը։
  • 19Եւ անապատից Մաթանա, Եւ Մաթանայից Նաալիէլ, եւ Նաալիէլից Բամօթ,
  • 20Եւ Բամօթից Մովաբի դաշտը դէպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը չուեցին։
  • 21Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորին՝ ասելով.
  • 22Քո երկրովն անցնենք. Արտի կամ այգիի մէջ չենք խոտորիլ. Հորի ջրից չենք խմիլ. Արքունական ճանապարհովը կ’գնանք մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։
  • 23Եւ Սեհոնն իր սահմանովը ճանապարհ չ’տուաւ Իսրայէլին. Այլ Սեհոնն իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ դուրս եկաւ Իսրայէլին դէմ անապատը, եւ Յասսա եկաւ, եւ Իսրայէլի հետ պատերազմեց։
  • 24Եւ Իսրայէլը սուրի բերանից անցկացրեց նորան, եւ տիրեց նորա երկրին՝ Առնոնից մինչեւ Յաբոկ՝ մինչեւ Ամմոնի որդկանց երկիրը. Որովհետեւ Ամմոնի որդկանց սահմանը պինդ էր։
  • 25Եւ Իսրայէլն առաւ այս բոլոր քաղաքները. Եւ Իսրայէլն Ամօրհացիների բոլոր քաղաքներումը բնակուեց՝ Եսեբոնում եւ նորա բոլոր գեղերումը.
  • 26Որովհետեւ Եսեբոնը Ամօրհացիների Սեհոն թագաւորի քաղաքն էր. Եւ նա Մովաբի առաջին թագաւորի հետ պատերազմելով առել էր նորա ձեռքից բոլոր երկիրը մինչեւ Առնոն։
  • 27Նորա համար առակախօսները ասում են. Եսեբոն եկէք, Շինուի եւ պատրաստուի Սեհոնի քաղաքը.
  • 28Որովհետեւ կրակ դուրս եկաւ Եսեբոնից. Բոց՝ Սեհոնի քաղաքից. Այրեց Մովաբի Արը Առնոնի բարձր տեղերի տէրերը։
  • 29Վա՜յ քեզ, Մովաբ, Կորար, ով Քամովսի ժողովուրդ. Իր փախչած որդիքը, եւ աղջիկները, Ամօրհացիների Սեհոն թագաւորի համար գերի արաւ։
  • 30Բայց նետահարեցինք նորանց Եսեբոնը կորաւ մինչեւ Դեբոն. Եւ աւերեցինք նորանց մինչեւ Նոփա, Որ մինչեւ Մեդեբայ է։
  • 31Այսպէս Իսրայէլը Ամօրհացիների երկրումը բնակուեց։
  • 32Եւ Մովսէսը մարդ ուղարկեց Յազերը լրտեսելու եւ նորա գեղերն առին. Եւ այնտեղի Ամօրհացիներին դուրս արին։
  • 33Եւ դարձան եւ Բասանի ճանապարհովը եկան. Եւ Բասանի Ովգ թագաւորը՝ ինքն ու իր բոլոր ժողովուրդը դուրս եկան նորանց դէմ Եդրայի պատերազմը։
  • 34Եւ Եհովան ասեց Մովսէսին. Նորանից մի վախենար. Որովհետեւ քո ձեռքը մատնեցի նորան եւ նորա բոլոր ժողովրդին, եւ նորա երկիրը. Եւ դու նորան կ’անես ինչպէս որ արիր Եսեբոնում բնակուող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։
  • 35Այսպէս զարկեցին նորան եւ նորա որդկանցը եւ նորա բոլոր ժողովրդին՝ այնպէս որ մէկ մնացորդ էլ չ’թողեցին, եւ նորա երկրին տիրեցին։
← Ցանկ