ՄԱՏԹԵՈՍ15
  • 1Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։
  • 2Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.
  • 3Ի՞նչու համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում , որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։
  • 4Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։
  • 5Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։
  • 6Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։
  • 7Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։
  • 8Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.
  • 9Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։
  • 10Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։
  • 11Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.
  • 12Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։
  • 13Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։
  • 14Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։
  • 15Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կ’ընկնեն։
  • 16Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։
  • 17Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։
  • 18Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։
  • 19Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։
  • 20Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։
  • 21Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։
  • 22Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։
  • 23Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։
  • 24Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։
  • 25Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
  • 26Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։
  • 27Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։
  • 28Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։
  • 29Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։
  • 30Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։
  • 31Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։
  • 32Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
  • 33Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. Եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը։
  • 34Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։
  • 35Եւ Յիսուսը նորանց ասեց. Քա՞նի հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։
  • 36Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։
  • 37Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։
  • 38Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։
← Ցանկ