ՄԱՏԹԵՈՍ27
  • 1Եւ երբոր առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան։
  • 2Եւ նորան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին։
  • 3Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին,
  • 4Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով։ Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. Դու տես։
  • 5Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան խեղդեց։
  • 6Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է։
  • 7Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար։
  • 8Նորա համար այն արտատեղը Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր։
  • 9Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը, Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին,
  • 10Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը։
  • 11Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։
  • 12Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ ոչինչ չ’պատասխանեց։
  • 13Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. Չե՞ս լսում՝ ո՞րչափ բաներ են վկայում քեզ հակառակ։
  • 14Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. Մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ։
  • 15Բայց սովորութիւն էր կուսակալին տօնի ժամանակին մէկ կապուած արձակել ժողովրդի համար. Որին որ ուզէին։
  • 16Եւ այն ժամանակ մի նշանաւոր բանտարկեալ ունեին, անունը Բարաբբա։
  • 17Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում։
  • 18Որովհետեւ գիտէր, որ նախանձով էին մատնել նորան։
  • 19Եւ երբոր նա ատեան նստած էր, նորա կինը մարդ ուղարկեց նորա մօտ եւ ասեց. Այդ արդար մարդի հետ դու բան չ’ունիս. Որովհետեւ շատ բաներ քաշեցի այսօր նորա պատճառովը։
  • 20Բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային ուզեն, իսկ Յիսուսին կորցնեն։
  • 21Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եւ նորանք ասեցին, Բարաբբային։
  • 22Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։
  • 23Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել։ Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի։
  • 24Պիղատոսն էլ երբոր տեսաւ, թէ ոչինչ օգուտ չէ անում, այլ աւելի խռովութիւն է լինում, ջուր առաւ՝ ձեռքերը լուաց ժողովրդի առաջին եւ ասեց. Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ, դուք տեսէք։
  • 25Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դորա արիւնը մեզ վերայ եւ մեր որդկանց վերայ։
  • 26Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։
  • 27Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։
  • 28Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։
  • 29Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. Եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։
  • 30Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։
  • 31Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։
  • 32Եւ երբոր դուրս եկան, մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ։
  • 33Եւ երբոր Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է,
  • 34Նորան լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. Եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել։
  • 35Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։
  • 36Եւ նստած նորան պահում էին այնտեղ։
  • 37Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
  • 38Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։
  • 39Եւ անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին.
  • 40Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը։
  • 41Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում.
  • 42Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. Թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան։
  • 43Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. Որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։
  • 44Միեւնոյնն էլ աւազակները, որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան։
  • 45Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։
  • 46Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։
  • 47Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա։
  • 48Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ.
  • 49Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կ’գա՞յ՝ դորան փրկէ։
  • 50Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։
  • 51Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան.
  • 52Եւ գերեզմանները բացուեցան. Եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան.
  • 53Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։
  • 54Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։
  • 55Եւ այնտեղ շատ կանայք կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որ Գալիլեայից Յիսուսի ետեւիցն եկան նորան ծառայութիւն անելու։
  • 56Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդիայի որդկանց մայրը։
  • 57Եւ երբոր իրիկուն եղաւ Արիմաթիայից մի հարուստ մարդ եկաւ՝ անունը Յովսէփ, որ ինքն էլ աշակերտ եղած էր Յիսուսին։
  • 58Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց. Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց որ մարմինը տրուի։
  • 59Եւ Յովսէփը մարմինն առնելով մաքուր կտաւով պատանեց,
  • 60Եւ դրաւ իր նոր գերեզմանի մէջ, որ վէմի մէջ փորել էր. Եւ գերեզմանի դռանը մի մեծ քար թաւալեց գնաց։
  • 61Եւ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը, գերեզմանի դիմացը նստած։
  • 62Եւ հետեւեալ օրը որ ուրբաթից յետոյ է, քահանայապետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօտ, եւ ասեցին.
  • 63Տէր, յիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր Երեք օրից յետոյ յարութիւն կ’առնեմ.
  • 64Ուրեմն հրամայիր, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանն զգուշութիւնով պահեն. Մի գուցէ աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. Եւ ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը յարութիւն առաւ, եւ յետին մոլորութիւնը չար լինի քան թէ առաջինը։
  • 65Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինուորներ, գնացէք՝ զգոյշ պահեցէք՝ ինչպէս գիտէք։
  • 66Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանութիւն արին, քարը կնքելով պահապան զինուորների հետ։
← Ցանկ