ՄԱՏԹԵՈՍ16
- 1Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։
- 2Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։
- 3Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի որովհետեւ երկինքը կարմրել է։
- 4Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։
- 5Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. Եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ Եւ նորանց թողեց գնաց։
- 6Եւ նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։
- 7Եւ Յիսուսը նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։
- 8Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ Հաց չենք վեր առել։
- 9Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ի՞նչու էք միտք անում ձեր միջումը, թե՛րահաւատներ, թէ հաց չէք վեր առել։
- 10Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք։
- 11Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք.
- 12Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։
- 13Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։
- 14Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։
- 15Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. Իսկ միւսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։
- 16Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։
- 17Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։
- 18Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։
- 19Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։
- 20Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։
- 21Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը։
- 22Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։
- 23Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ։
- 24Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։
- 25Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։
- 26Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։
- 27Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։
- 28Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։
