ՄԱՏԹԵՈՍ17
  • 1Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս։
  • 2Եւ վեց օրից յետոյ Յիսուսը Պետրոսին եւ Յակոբին եւ նորա եղբայր Յովհաննէսին իր հետն առաւ, եւ նորանց առանձին մի բարձր սար հանեց։
  • 3Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։
  • 4Եւ ահա երեւեցան նորանց Մովսէսը եւ Եղիան, որ նորա հետ խօսում էին։
  • 5Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Տէր, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եթէ կամենաս, այստեղ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, մէկը՝ Մովսէսին, եւ մէկը՝ Եղիային։
  • 6Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. Եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. Դորան լսեցէք։
  • 7Եւ աշակերտները լսելով՝ իրանց երեսների վերայ ընկան, եւ շատ վախեցան։
  • 8Եւ Յիսուսը մօտեցաւ՝ նորանց բռնեց եւ ասեց. Վեր կացէք եւ մի վախենաք։
  • 9Եւ նորանք իրանց աչքերը բարձրացրին, ու ոչ ոքին չ’տեսան, միայն Յիսուսին։
  • 10Եւ նորանք սարիցը իջնելիս, Յիսուսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ոչ ոքի չ’ասէք այդ տեսիլքը, մինչեւ որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։
  • 11Եւ նորա աշակերտները հարցրին նորանից եւ ասեցին. Ապա ի՞նչու դպիրները ասում են, թէ Առաջ Եղիան պէտք է գայ։
  • 12Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Եղիան կ’գայ եւ ամեն բան կ’վերանորոգէ։
  • 13Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդէն եկել է, եւ նորան չ’ճանաչեցին. Այլ ինչ որ ուզեցին՝ նորան արին. Այնպէս էլ մարդի Որդին չարչարուելու է նորանցից։
  • 14Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի համար ասեց նորանց։
  • 15Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։
  • 17Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։
  • 18Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։
  • 19Այն ժամանակ աշակերտներն առանձին Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Մենք ի՞նչու չ’կարողացանք հանել նորան։
  • 20Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։
  • 21Բայց այս ցեղը դուրս չի գալ եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։
  • 22Եւ երբոր նորանք Գալիլեայի մէջ ման էին գալիս, Յիսուսը նորանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։
  • 23Եւ նորան կ’սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ. Եւ նորանք շատ տրտմեցան։
  • 24Եւ երբոր նորանք Կափառնայում եկան, երկդրամեան ուզողները Պետրոսի մօտ եկան եւ ասեցին. Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում։ Նա ասեց՝ Այո։
  • 25Եւ երբոր տունը մտաւ, Յիսուսը նորանից առաջ սկսեց եւ ասեց, Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը։
  • 26Պետրոսն ասեց նորան. Օտարներիցը։ Յիսուսը նորան ասեց. Ապա ուրեմն ազատ են որդիները։
  • 27Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. Այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։
← Ցանկ