ՄԱՏԹԵՈՍ18
  • 1Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։
  • 2Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.
  • 3Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
  • 4Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։
  • 5Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։
  • 6Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
  • 7Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կ’գայ գայթակղութիւնը։
  • 8Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։
  • 9Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
  • 10Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։
  • 11Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։
  • 12Ի՞նչպէս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։
  • 13Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կ’ուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։
  • 15Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։
  • 16Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կ’հաստատուի։
  • 17Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն. Ապա եթէ եկեղեցուն էլ չ’լսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։
  • 18Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։
  • 19Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։
  • 20Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
  • 21Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։
  • 22Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։
  • 23Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։
  • 24Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար պարտական։
  • 25Բայց որովհետեւ չ’ունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։
  • 26Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։
  • 27Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։
  • 28Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։
  • 29Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։
  • 30Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։
  • 31Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։
  • 32Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։
  • 33Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։
  • 34Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։
  • 35Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը։
← Ցանկ