ՄԱՏԹԵՈՍ19
  • 1Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, Գալիլեայիցը վեր կացաւ Հրէաստանի սահմաններն եկաւ, Յորդանանի այն կողմը։
  • 2Եւ շատ ժողովուրդներ նորա ետեւից գնացին, եւ նորանց այնտեղ բժշկեց։
  • 3Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար։
  • 4Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.
  • 5Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։
  • 6Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ։
  • 7Նորան ասեցին. Ապա ի՞նչու Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։
  • 8Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. Բայց սկզբիցն այնպէս չ’եղաւ։
  • 9Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։
  • 10Իրան աշակերտները նորան ասեցին. Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։
  • 11Նա էլ ասեց նորանց. Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է։
  • 12Որովհետեւ կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. Եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. Եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. Ով որ կարող է տանել՝ թող տանի։
  • 13Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. Իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։
  • 14Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։
  • 15Եւ նորանց վերայ ձեռք դրաւ, եւ այնտեղից գնաց։
  • 16Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։
  • 17Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. Իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։
  • 18Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,
  • 19Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրիր քո ընկերին քո անձի պէս։
  • 20Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս։
  • 21Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։
  • 22Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։
  • 23Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժուար կ’մտնէ երկնքի արքայութիւնը։
  • 24Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։
  • 25Եւ նորա աշակերտներն երբոր լսեցին, շատ զարմացան եւ ասեցին. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։
  • 26Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։
  • 27Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ.
  • 29Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։
  • 30Եւ շատ առաջիններ յետինք կ’լինին, եւ յետիններ առաջինք։
← Ցանկ