ՄԱՏԹԵՈՍ3
  • 1Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը,
  • 2Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
  • 3Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։
  • 4Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մէջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։
  • 5Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։
  • 6Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։
  • 7Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։
  • 8Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։
  • 9Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։
  • 10Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։
  • 11Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։
  • 12Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։
  • 13Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։
  • 14Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։
  • 15Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։
  • 16Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։
  • 17Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։
← Ցանկ