ՄԱՏԹԵՈՍ9
  • 1Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։
  • 2Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը։
  • 3Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. Եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։
  • 4Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։
  • 5Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։
  • 6Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։
  • 7Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։
  • 8Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։
  • 9Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։
  • 10Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։
  • 11Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ։
  • 12Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ի՞նչու համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ։
  • 13Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։
  • 14Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. Որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։
  • 15Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչու մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում։
  • 16Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ այն ժամանակ ծոմ կ’պահեն։
  • 17Ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, որովհետեւ նորա լրութիւնը (կարկատանը) կ’առնէ հանդերձիցը, եւ պատառուածքն էլ աւելի չար կ’լինի։
  • 18Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. Ապա թէ ոչ՝ տկերը կ’պատառուին՝ եւ գինին կ’թափուի, եւ տկերը կ’կորչին. Այլ նոր գինին նոր տկերի մէջ կ’ածեն, եւ երկուսն էլ կ’պահուին։
  • 19Նա այս բաները նորանց հետ խօսելիս, ահա մի իշխան եկաւ նորան երկրպագեց եւ ասեց. Իմ աղջիկը արդէն մեռաւ, միայն թէ եկ եւ ձեռքդ նորա վերայ դիր՝ եւ կ’ապրի։
  • 20Եւ Յիսուսը վերկացաւ գնաց նորա ետեւից եւ նորա աշակերտներն էլ։
  • 21Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։
  • 22Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կ’փրկուիմ։
  • 23Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։
  • 24Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը,
  • 25Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։
  • 26Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վերկացաւ։
  • 27Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը։
  • 28Եւ Յիսուսն այն տեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։
  • 29Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. Եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։
  • 30Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։
  • 31Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չ’իմանայ։
  • 32Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը։
  • 33Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։
  • 34Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ։
  • 35Բայց Փարիսեցիներն ասում էին թէ Դեւերի իշխանովն է հանում դեւերը։
  • 36Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։
  • 37Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին։
  • 38Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։
← Ցանկ