ՂՈՒԿԱՍ6
  • 1Եւ երկրորդի առաջին շաբաթ օրումն եղաւ որ նա անցնում էր արտերի միջով, եւ նորա աշակերտները հասկ էին պոկում՝ ափի մէջ շփում եւ ուտում։
  • 2Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին նորանց. Այդ ի՞նչու էք անում, որ շաբաթ օրն օրէնք չէ։
  • 3Եւ Յիսուսը նորանց պատասխանեց եւ ասեց. Դուք չէ՞ք կարդացել այն որ Դաւիթն արաւ, երբոր սովեց ինքը եւ նորա հետ լինողները.
  • 4Ինչպէս նա Աստուծոյ տունը մտաւ, եւ առաջաւորութեան հացերն առաւ եւ կերաւ, եւ իր հետ լինողներին էլ տուաւ. որոնց օրէնք չէր ուտել, բացի միայն քահանաներին։
  • 5Եւ ասեց նորանց, թէ Մարդի Որդին տէր է շաբաթի էլ։
  • 6Եւ մի ուրիշ շաբաթ օր էլ եղաւ, որ ժողովարանը մտաւ՝ եւ սովորեցնում էր. Եւ այնտեղ մի մարդ կար, եւ նորա աջ ձեռքը չորացած էր։
  • 7Եւ դպիրները եւ Փարիսեցիները սպասում էին նորան, թէ շաբաթ օրումը կ’բժշկէ՞, որ նորանից չարախօսելու պատճառ գտնեն։
  • 8Նա էլ գիտէր նորանց խորհուրդները, եւ այն մարդին, որի ձեռքը չորացած էր, ասեց. Վեր կաց, եւ կանգնիր մէջ տեղը. Եւ նա վեր կացաւ կանգնեց։
  • 9Արդ Յիսուսը ասեց նորանց. Հարցնում եմ ձեզանից. Ի՞նչ է արժան շաբաթ օրը, բարի՞ բան անել՝ թէ չար գործել. Հոգի ապրեցնե՞լ՝ թէ կորցնել։
  • 10Եւ չորս կողմովը նորանց ամենի վերայ նայելով ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպէս արաւ. Եւ նորա ձեռքը առողջացաւ միւսի պէս։
  • 11Նորանք էլ կատաղութիւնով լցուեցան, եւ իրար հետ խօսում էին, թէ ի՞նչ անեն Յիսուսին։
  • 12Եւ այն օրերումն եղաւ, որ ելաւ սարը աղօթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստուած։
  • 13Եւ երբոր առաւօտ եղաւ, կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց նորանցից տասնեւերկուսին, որոնց առաքեալ էլ անուանեց.
  • 14Սիմօնին, որին Պետրոս էլ անուանեց, եւ նորա եղբայրը՝ Անդրէասին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին.
  • 15Մատթէոսին եւ Թովմասին, Յակոբոս Ալփեանին, եւ Նախանձայոյզ կոչուած Սիմօնին.
  • 16Եւ Յակոբի Յուդային, Եւ Յուդա Իսկարիովտացուն, որ մատնիչ էլ դառաւ։
  • 17Եւ իջաւ նորանց հետ՝ մի տափարակ տեղ կանգնեց. Եւ այնտեղ էր նորա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմութիւն բոլոր Հրէաստանից եւ Երուսաղէմից եւ Տիւրոսի եւ Սիդօնի ծովեզերքից,
  • 18Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. Եւ պիղծ ոգիներից չարչարուողները. Եւ բժշկվում էին։
  • 19Եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դպչել նորան, որովհետեւ նորանից զօրութիւն էր դուրս գալիս եւ ամենին բժշկում։
  • 20Եւ նա իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց՝ եւ ասեց. Երանի աղքատներիդ, որ ձերն է Աստուծոյ արքայութիւնը։
  • 21Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք։
  • 22Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։
  • 23Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։
  • 24Բայց վայ ձեզ՝ հարուստներիդ, որ ձեր մխիթարութիւնն ընդունեցիք։
  • 25Վայ ձեզ՝ որ կշտացել էք, որ պիտի սովիք. վայ ձեզ՝ որ հիմա ծիծաղում էք, որ սուգ պիտի անէք, եւ լաց պիտի լինիք։
  • 26Վայ ձեզ՝ երբոր ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետեւ այդպէս էին անում սուտ մարգարէներին նորանց հայրերը։
  • 27Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։
  • 28Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։
  • 29Քո մեկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա. Եւ նա՝ որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից։
  • 30Ամենին՝ որ ուզում է քեզանից, տուր, եւ քոնը առնողիցը ետ մի առնիր։
  • 31Եւ ինչպէս կամենում էք՝ որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց։
  • 32Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում։
  • 33Եւ եթէ ձեր բարերարներին բարի անէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են այնպէս անում.
  • 34Եւ եթէ փոխ էք տալիս նորանց՝ որ նորանցից ետ առնելու յոյս ունիք, ի՞նչ շնորհք է ձեզ. Որովհետեւ մեղաւորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որ հաւասար չափը ետ առնեն։
  • 35Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. Եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. Որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։
  • 36Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։
  • 37Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ. Մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ. արձակեցէք՝ եւ կ’արձակուիք։
  • 38Տուէք եւ կ’տրուի ձեզ. Լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։
  • 39Մի առակ էլ ասեց նորանց, Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն.
  • 40Աշակերտն իր վարդապետիցը բարձր չէ. Բայց ամեն կատարեալն իր վարդապետի պէս կ’լինի։
  • 41Եւ ի՞նչու քո եղբօր աչքումը շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չէս նշմարում։
  • 43Որովհետեւ բարի ծառ չ’կայ, որ չար պտուղ բերէ. Եւ ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերէ։
  • 44Որովհետեւ ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում. Որովհետեւ փշերից թուզ չեն քաղում, եւ ոչ մորենուցը խաղող են կթում։
  • 45Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը։
  • 46Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ։
  • 47Ամեն ով որ ինձ մօտ է գալիս եւ իմ խօսքերը լսում՝ եւ նորանց անում, ցոյց տամ ձեզ՝ թէ ո՞ւմ նման է։
  • 48Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմը ժայռի վերայ դրաւ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացաւ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերայ էր հաստատուած։
  • 49Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդի՝ որ տունը հողի վերայ շինեց առանց հիման. Որ գետը նորան զարկեց, եւ շուտով վայր ընկաւ. Եւ այն տան կործանումը մեծ եղաւ։
← Ցանկ