ՂՈՒԿԱՍ8
  • 1Եւ նորանից յետոյ եղաւ, որ նա ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ.
  • 2Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.
  • 3Եւ Յովհաննան՝ Հերովդէսի տան տեսուչ՝ Քուզայի կինը, եւ Շուշանը, եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում։
  • 4Եւ երբոր մեծ բազմութիւն էր հաւաքուած, եւ ամեն մէկ քաղաքից նորա մօտ եկան, առակով ասեց.
  • 5Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու. Եւ նա սերմելիս՝ որը ճանապարհի մօտ ընկաւ՝ եւ կոխուեցաւ, եւ երկնքի թռչունները նորան կերան։
  • 6Եւ ուրիշը ապառաժի վերայ ընկաւ. Եւ բուսնելու ժամանակին չորացաւ՝ հիւթի պակասութեան պատճառովը։
  • 7Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը նորա հետ բուսան եւ խեղդեցին նորան։
  • 8Եւ ուրիշն ընկաւ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. Եւ բուսաւ՝ հարիւրապատիկ պտուղ տուաւ. Այս բաները խօսելիս՝ աղաղակեց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
  • 9Աշակերտներն էլ նորան հարցնում էին, թէ Ի՞նչ է այն առակը։
  • 10Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։
  • 11Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։
  • 12Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։
  • 13Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։
  • 14Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։
  • 15Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։
  • 16Ոչ ով ճրագ չի վառիլ եւ անօթով թագցնիլ՝ կամ մահիճի տակ դնիլ. Այլ ճրագակալի վերայ կ’դնէ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։
  • 17Որովհետեւ ծածուկ բան չ’կայ՝ որ չ’յայտնուի. Եւ ոչ թագուն բան, որ չ’իմացուի եւ յայտնուի։
  • 18Ուրեմն տեսէք թէ ինչպէս էք լսում. որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի, եւ ով որ չ’ունի, այն էլ որ կարծում է թէ ունի, նորանից վեր կ’առնուի։
  • 19Եւ նորա մայրը եւ նորա եղբայրները նորա մօտ եկան, եւ չէին կարողանում բազմութեան պատճառով նորա մօտ հասնել։
  • 20Նորան իմաց արին եւ ասեցին. Մայրդ եւ եղբայրներդ դուրսը կանգնած ուզում են քեզ տեսնել։
  • 21Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։
  • 22Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. Եւ ճանապարհ ընկան։
  • 23Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։
  • 24Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։
  • 25Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։
  • 26Եւ նաւով գնացին Գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։
  • 27Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։
  • 28Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։
  • 30Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։
  • 31Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։
  • 32Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։
  • 33Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։
  • 34Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։
  • 35Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. Եւ վախեցան։
  • 36Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։
  • 37Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. Նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։
  • 38Եւ այն մարդն էլ, որից դեւերը դուրս էին եկել, նորան աղաչում էր, որ նորա հետ լինի. Բայց Յիսուսը արձակեց նորան եւ ասեց.
  • 39Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. Եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։
  • 40Եւ եղաւ երբոր Յիսուսը ետ դառաւ, ժողովուրդն ընդունեց նորան. Որովհետեւ ամենքն սպասում էին նորան։
  • 41Եւ ահա մի մարդ եկաւ՝ անունն Յայրոս, եւ նա ժողովարանի իշխան էր. Եւ Յիսուսի ոտներն ընկնելով աղաչում էր նորան, որ իր տունը մտնէ։
  • 42Որովհետեւ մի միածնունդ աղջիկ ունէր, իբր տասնեւերկու տարեկան, եւ նա մեռնում էր. Եւ նորա գալու ժամանակ՝ ժողովուրդները նեղում էին նորան։
  • 43Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։
  • 44Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։
  • 45Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. Եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։
  • 46Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից։
  • 47Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չ’մնաց, դողալով եկաւ՝ նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ։
  • 48Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով։
  • 49Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին։
  • 50Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։
  • 51Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։
  • 52Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։
  • 53Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։
  • 54Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց.
  • 55Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։
  • 56Եւ նորա ծնողքը զարմացան. եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը։
← Ցանկ