ՀՌՈՎՄԵԱՑԻՍ15
  • 1Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։
  • 2Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար։
  • 3Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
  • 4Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։
  • 5Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։
  • 6Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
  • 7Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։
  • 8Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ։
  • 9Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
  • 10Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։
  • 11Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։
  • 12Եւ դարձեալ Եսայիան ասում է. Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները։
  • 13Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
  • 14Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութիւնով, լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել։
  • 15Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. Իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից ինձ տրուած այն շնորհքի պատճառովը.
  • 16Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած։
  • 17Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին։
  • 18Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով։
  • 19Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։
  • 20Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ ուրիշի հիման վերայ շինեմ. Այլ ինչպէս որ գրուած է.
  • 21Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն։
  • 22Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց։
  • 23Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, եւ շատ տարուց հետէ խիստ փափաք ունիմ ձեզ մօտ գալու,
  • 24Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. Յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. Եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ։
  • 25Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու։
  • 26Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են.
  • 27Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց։
  • 28Արդ այս որ կատարեմ եւ նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը։
  • 29Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ։
  • 30Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած.
  • 31Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ Հրէաստանումն են. Եւ իմ ծառայութիւնը որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի.
  • 32Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ Աստուծոյ կամքովը, եւ ձեզ հետ հանգիստ առնեմ։
← Ցանկ