Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ10
  • 1Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութիւնովն ու հանդարտութիւնովը, որ խոնարհ եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հեռուից համարձակ եմ դէպի ձեզ։
  • 2Աղաչում եմ որ չ’լինի՝ թէ մօտից էլ այն վստահութիւնով համարձակ լինեմ որ համարում եմ յանդգնիլ մի քանիսի դէմ, որ մեզ համար կարծում են՝ թէ մարմնաւորապէս ենք վարվում։
  • 3Որովհետեւ թէ եւ մարմնով ենք վարվում, բայց մարմնաւորապէս չենք զինուորութիւն անում։
  • 4Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում,
  • 5Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. Եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։
  • 6Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի։
  • 7Երեսի՞ էք նայում. եթէ մէկն իր անձի վերայ վստահ է թէ Քրիստոսինն է, թող իր մտքումն այս էլ մտածէ, թէ ինչպէս որ նա Քրիստոսինն է, այնպէս էլ մենք ենք Քրիստոսինը։
  • 8Որովհետեւ եթէ մի աւելի բան պարծենալու լինեմ մեր իշխանութեան համար որ Տէրը տուաւ մեզ՝ ձեր շինութեան եւ ոչ թէ կործանման համար, չեմ ամաչիլ։
  • 9Որ չ’երեւիմ իբր թէ վախեցնում եմ ձեզ այս թղթերովը։
  • 10Որովհետեւ թղթերը՝ ասում են՝ ծանր են եւ սաստիկ. բայց մարմնի կերպարանքը տկար՝ եւ խօսքն էլ անարգ։
  • 11Այնպիսին թող սա միտք անէ, թէ ինչպէս որ ենք հեռուանց խօսքով մեր թղթերովը, այնպէս էլ ենք մօտանց գործով։
  • 12Որովհետեւ չենք համարձակում մեր անձը կշռել եւ բաղդատել ոմանց հետ՝ որ իրանց անձերը գովելով յանձնարարում են. Այլ նորանք իրանցով իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով, չեն հասկանում։
  • 13Բայց մենք չափից դուրս չենք պարծենում. Այլ այն կանոնի չափովը, որն Աստուած բաժանեց մեզ՝ հասնել մինչեւ ձեզ մօտ էլ,
  • 14Որ ոչ թէ իբր թէ ձեզ մօտ չ’հասած մեր անձերը երկայնացնում ենք. որովհետեւ մինչեւ ձեզ մօտ էլ հասանք Քրիստոսի աւետարանովը։
  • 15Եւ չափից դուրս չենք պարծենում՝ ուրիշների աշխատանքով, բայց յուսալով թէ ձեր հաւատքը աճելիս՝ մենք էլ կ’մեծանանք ձեզանում մեր կանոնի չափովը՝ առաւելութեամբ։
  • 16Որ ձեզանից այն կողմն էլ աւետարանը քարոզենք՝ եւ օտար կանոնով պատրաստուածների վերայ չ’պարծենանք։
  • 17Եւ ով որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։
  • 18Որովհետեւ ոչ թէ իր անձը յանձնարարողն է ընտիր. այլ նա՝ որին Տէրն է յանձնարարում։
← Ցանկ