Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ9
  • 1Որովհետեւ սուրբերի համար լինելու պաշտօնի մասին, աւելորդ է ինձ ձեզ գրելը։
  • 2Վասնզի գիտեմ ձեր յօժարութիւնը, որով Մակեդոնացիների մէջ ձեզ համար պարծենում եմ. թէ Աքայեցիները հերուանից պատրաստ են, եւ ձեր նախանձը շատերին գրգռեց։
  • 3Եւ եղբայրներին ուղարկեցի, որ մեր ձեզ վերայ պարծենալն զուր չ’լինի այս մասին. Այլ ինչպէս ասել եմ, պատրաստուած լինիք։
  • 4Որ չ’լինի թէ՝ երբոր Մակեդոնացիներ ինձ հետ գան՝ եւ ձեզ անպատրաստ գտնեն, ամօթով լինենք մենք (որ չ’ասենք թէ՝ դուք,) այս պարծանքի վստահութեամբը։
  • 5Արդ հարկաւոր համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մօտ գան, եւ առաջուց պատրաստեն ձեր առաջուց խոստացած օրհնութիւնը, որ պատրաստ լինի, այնպէս ինչպէս օրհնութիւն, եւ ոչ թէ ինչպէս ագահութիւն։
  • 6Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։
  • 7Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին։
  • 8Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։
  • 9Ինչպէս գրուած է. Փռեց՝ աղքատներին տուաւ. Նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
  • 10Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։
  • 11Ամեն բանի մէջ հարստացած ամեն լիութիւնով՝ որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն։
  • 12Որովհետեւ այս տուրքի պաշտօնը ոչ թէ միայն սուրբերի պակասութիւնն է լրացնում, այլ եւ շատերի գոհութիւնը շատացնում է Աստուծոյ համար։
  • 13Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է.
  • 14Եւ նորանց աղօթքովը ձեզ համար, որ փափաքեն ձեզ Աստուծոյ այն առատ շնորհքի համար՝ որ ձեզանում է։
  • 15Եւ շնորհակալութիւն Աստուծուն նորա անպատմելի պարգեւի համար։
← Ցանկ