ԵՓԵՍԱՑԻՍ2
- 1Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.
- 2Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.
- 3Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.
- 4Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,
- 5Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։
- 6Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
- 7Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։
- 8Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.
- 9Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։
- 10Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
- 11Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,
- 12Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։
- 13Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։
- 14Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.
- 15Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.
- 16Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։
- 17Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։
- 18Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։
- 19Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,
- 20Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.
- 21Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.
- 22Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։