ՀԵՍՈՒ1
  • 1Եւ եղաւ որ Տիրոջ ծառայ Մովսէսի մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի սպասաւոր Նաւէի որդի Յեսուի հետ ասելով.
  • 2Իմ ծառայ Մովսէսը մեռավ. եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը:
  • 3Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպէս որ Մովսէսին ասել եմ.
  • 4Անապատիցն եւ այս Լիբանանիցը մինչեւ մեծ Գետը՝ այսինքն Եփրատ գետը, Քետացիների բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի:
  • 5Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դէմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կ’լինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ:
  • 6Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը,որի համար սորանց հայրերին երդում արի սորանց տալու համար:
  • 7Միայն թե զօրացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրէնքի պես, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ’խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես:
  • 8Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես:
  • 10Եւ Յեսուն ժողովրդի ոստիկաններին պատուիրելով ասեց.
  • 11Բանակի միջովն անցկացէք, եւ պատուիրեցէք ժողովրդին ասելով. Ձեզ համար պաշար պատրաստեցէք. որովհետեւ երեք օրից յետոյ դուք այս Յորդանանովը կ’անցնէք, որ գնաք ժառանգէք այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տալիս է իբրեւ ժառանգութիւն:
  • 12Եւ Յեսուն Ռուբէնեանների ու Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին հետ խօսեց եւ ասեց.
  • 13Յիշեցէք այն խօսքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց ասելով. Ձեր Տէր Աստուածը ձեզ հանգստացրեց, եւ այս երկիրը ձեզ տուաւ:
  • 14Ձեր կնիկները, ձեր տղերքը եւ ձեր անասունները թող բնակուեն այն երկրումը, որ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին. բայց դուք սպառազինուած ձեր եղբայրների առաջն անցէք՝ ամենքդ էլ զօրաւոր մարդիկ՝ եւ նորանց օգնութիւն արէք,
  • 15Մինչեւ որ Տէրը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ նորանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը կ’տայ նորանց, եւ ետ դառէք ձեր ժառանգութեան երկիրը, եւ ժառանգեցէք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին դէպի արեւելք:
  • 16Եւ Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Ամեն ինչ որ պատուիրեցիր՝ կ’անենք, եւ ուր որ մեզ ուղարկես՝ կ’գնանք:
  • 17Ինչպէս որ Մովսէսին էինք լսում,այնպէս էլ քեզ կ’լսենք. միայն թէ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր:
  • 18Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանայ եւ չ’լսէ քո ամեն խօսքերին, որ մեզ պատուիրես, պիտի սպանուի. միայն թէ զօրացիր եւ քաջ եղիր:
← Ցանկ