ՀԵՍՈՒ2
  • 1Եւ Նաւէի որդի Յեսուն Սատիմիցն երկու մարդ ուղարկեց ծածկաբար երկիրը լրտեսելու համար, եւ ասեց. Գնացէք տեսէք այն երկիրը եւ Երիքովը. եւ նորանք գնացին եւ եկան Ռախաբ անունով մի պոռնիկ կնկայ տունը, եւ այնտեղ պառկեցին:
  • 2Եւ Երիքովի թագաւորին ասուեցաւ թէ՝ Ահա այս գիշեր այստեղ մարդիկ են եկել Իսրայէլի որդիներիցն երկիրը լրտեսելու համար:
  • 3Եւ Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց Ռախաբի մօտ ասելով. Քեզ մօտ եկող եւ տունդ մտնող մարդիկը դուրս հանիր. որովհետեւ եկել են այս բոլոր երկիրը լրտեսելու համար:
  • 4Եւ կնիկն առաւ այն երկու մարդկանցը եւ թաքցրեց, եւ ասեց. Իրաւ այն մարդիկը եկան ինձ մօտ, բայց չ’իմացայ թէ որտեղից են նորանք.
  • 5Եւ դռների փակելու ժամանակը մութն էր՝ այն մարդիկը դուրս եկան. եւ չ’գիտեմ թէ այն մարդիկը ուր գնացին. շուտով նորանց ետեւիցը ընկէք, որ նորանց հասնէք:
  • 6Իսկ ինքը նորանց վեր էր հանել կտուրը եւ թաքցրել քթանի եղէգներումը, որ իր կտրի վերայ շարել էր:
  • 7Եւ մարդիկը Յորդանանի ճանապարհովը մինչեւ անցքերը նորանց ետեւիցն ընկան, եւ դուռը փակեցին՝ նորանց ետեւից ընկնողները դուրս գալուց յետոյ:
  • 8Եւ երբոր նորանք դեռ չէին պառկել, կնիկը վեր ելաւ կտուրը նորանց մօտ,
  • 9Եւ ասեց այն մարդկանցը. Ես գիտեմ, որ Տէրը այս երկիրը ձեզ է տուել, եւ որ ձեր վախը մեր վերայ է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալուել են.
  • 11Եւ մենք լսել ենք, եւ մեր սիրտերը հալուել են, եւ ձեր երեսիցը մեկ մարդում համարձակութիւն չէ մնացել. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն Աստուած է վերեւումը՝ երկնքի մէջ, եւ ներքեւումը՝ երկրիս վերայ:
  • 12Եւ հիմա աղաչում եմ, Տէրով երդում արէք ինձ, որ ես ձեզ ողորմութիւն եմ արել, եւ դուք էլ ողորմութիւն կ’անէք իմ հօր տանը. եւ ինձ մի ճշմարիտ նշան տուէք,
  • 13Որ իմ հօրը, մօրը, իմ եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նորանց վերաբերեալներին ողջ կ’թողէք, եւ մեր անձը մահից կ’ազատէք:
  • 14Եւ այն մարդիկը նորան ասացին. Եթէ այս մեր բանը չ’յայտնէք,այն ժամանակ թող ձեր տեղը մեր անձերը մեռնեն, եւ երբոր Տէրն այս երկիրը մեզ տայ, քեզ ողորմութիւն եւ հաւատարմութիւն կ’անենք:
  • 15Եւ նորանց մէկ չուանով պատուհանիցը ցած իջեցրեց. որովհետեւ նորա տունը բերդի պարսպի վերայ էր, եւ ինքը պարսպի վերայ էր բնակվում.
  • 16Եւ նորանց ասեց. գնացէ՛ք սարը, մի գուցէ հալածողները ձեզ հանդիպեն. եւ այնտեղ երեք օր թաք կացէք, մինչեւ որ հալածողները ետ դառնան, եւ յետոյ ձեր ճանապարհը գնացէք:
  • 17Եւ այն մարդիկը նորան ասացին. Մենք անպարտ կ’լինենք քո այդ երդումիցը որ մեզ անել տուիր.
  • 18Երբոր մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերձանի չուանը այն պատուհանի վերայ կապես, որտեղից որ մեզ իջեցրիր. եւ քո հայրը, մայրը, եղբայրները եւ քո հօր բոլոր տունը քեզ մօտ այս տունը ժողովես.
  • 19Եւ ով որ քո տան դռնիցը դուրս գայ, նորա արիւնը իր գլխին,մենք անպարտ ենք. բայց քեզ մօտ այս տանը բոլոր եղողների արիւնը մեր գլխին, եթէ նորանց մէկ ձեռք դպչէ:
  • 20Եւ եթէ մեր այս բանը յայտնես, այն ժամանակ մենք անպարտ ենք քո մեզ անել տուած երդումիցը:
  • 21Եւ նա ասեց. Ձեր խօսքերի պէս լինի. եւ թողեց նորանց, եւ նորանք գնացին. եւ նա այն կարմիր չուանը կապեց պատուհանի վերայ:
  • 22Եւ նորանք գնացին եւ եկան դէպի սարը, եւ այնտեղ երեք օր նստեցին, մինչեւ որ հալածողները ետ դառան. եւ հալածողները նորանց որոնեցին ամեն ճանապարհում, բայց չ’գտան:
  • 23Այն ժամանակ այն երկու մարդիկը ետ դառան եւ ցած իջան սարիցը, եւ անցնելով Նաւէի որդի Յեսուի մօտ գնացին, եւ պատմեցին նորան բոլոր իրանց պատահած բաները.
  • 24Եւ Յեսուին ասեցին. Իրաւ Տէրն այն բոլոր երկիրը մեր ձեռքն է տուել, եւ այն երկրի բոլոր բնակիչները մեր երեսից հալուել են:
← Ցանկ