ՀԵՍՈՒ9
  • 1Եւ երբոր Յորդանանի այս կողմի բոլոր թագաւորները, որոնք սարի վերայ եւ Մեծ ծովի բոլոր եզերքումը մինչեւ Լիբանանի դէմ կենում էին, այսինքն Քետացիները, Ամօրհացիները, Քանանացիները, Փերեզացիները, Խեւացիները ու Յեբուսացիները լսեցին,
  • 2Միաբանեւթեամբ ժողովուեցան, որ Յեսուի եւ Իսրայէլի դէմ պատերազմեն:
  • 3Բայց Գաբաւօնի բնակիչները լսեցին ինչ որ Յեսուն Երիքովին եւ Գայիին արել էր,
  • 4Եւ իրանք էլ խորամանկութիւն բանեցրին. գնացին պաշարներ պատրաստեցին, եւ իրանց էշերի վերայ հին քուրձեր եւ հին պատառոտած եւ կարկատած գինիի տիկեր դրին,
  • 5Եւ իրանց ոտքերին հինացած եւ կարկատած տրեխներ, եւ հին շորեր իրանց վերայ առան. եւ նորանց հացը չորացած բորբոսնած էր.
  • 6Եւ գնացին բանակը՝ Յեսուի մօտ Գաղգաղայումը՝ եւ ասեցին նորան եւ Իսրայէլի մարդկանցը. Մենք հեռու երկրից ենք գալիս. ուստի հիմա մեզ հետ դաշինք դրէք:
  • 7Այն ժամանակ Իսրայէլի մարդիկն Խեւացիներին ասեցին. Գուցէ դուք մեր մէջ բնակող եք, եւ ձեզ հետ ի՞նչպէս դաշինք դնենք:
  • 8Բայց նորանք ասեցին Յեսուին. Մենք քո ծառաներն ենք. եւ Յեսուն նորանց ասեց. Դուք ո՞վ էք, եւ ո՞րտեղից էք գալիս:
  • 9Եւ նորան ասեցին. Քո ծառաները շատ հեռու երկրից ենք գալիս քո Եհովայ Աստուծոյ անունի համար, որովհետեւ նորա համբաւը եւ Եգիպտոսի մէջ բոլոր արածները լսեցինք:
  • 10ՈՒ նաեւ ամեն ինչ որ արաւ Յորդանանի այն կողմին Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Աստարովթումը Բասանի Ովգ թագաւորին.
  • 12Այս մեր հացերը տաք էին, որ մենք պաշար վեր առանք մեր տներիցն այն օրը, որ դուրս եկանք ձեզ մօտ գալու, եւ ահա հիմա նորանք չորացած եւ բորբոսնած են:
  • 13Եւ այս գինիի տիկերը նոր էին, երբոր լցրինք, բայց ահա պատառոտած են. եւ մեր այս հանդերձները եւ տրեխները ճանապարհի շատ երկայնութեան համար հինացան:
  • 14Եւ մարդիկը վեր առան նորանց այն պաշարի պատճառով, իսկ Տիրոջը չ’հարցրին:
  • 15Եւ Յեսուն նորանց հետ խաղաղութիւն արաւ, եւ նորանց հետ ուխտ դրաւ որ նորանց ողջ պահէ. եւ ժողովքի իշխաններն էլ երդում արին նորանց:
  • 16Եւ նորանց հետ դաշինք դնելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք իրանց դրացիներն են, եւ իրանց մէջ են բնակվում:
  • 17Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ երրորդ օրը նորանց քաղաքները եկան, եւ նորանց քաղաքներն էին՝ Գաբաւօն, Կեփիրա, Բերովթ եւ Կարիաթարիմ:
  • 18Եւ Իսրայէլի որդիքը նորանց չ’զարկեցին, որովհետեւ ժողովքի իշխանները Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում էին արել. բայց բոլոր ժողովքը տրտնջեցին իշխանների դէմ:
  • 19Եւ իշխանների ամենքը բոլոր ժողովքին ասեցին. Մենք Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում արինք, եւ հիմա չենք կարող նորանց դպչել:
  • 20Նորանց այսպէս անենք՝ այսինքն նորանց ողջ թողնենք, որ մեզ վերայ բարկութիւն չ’գայ այն երդումի համար որ մենք արինք նորանց:
  • 21Եւ իշխաններն ասեցին նորանց. Թող ողջ մնան, բայց բոլոր ժողովքի համար փայտ կտրողներ եւ ջրկիրներ լինեն. եւ եղան՝ ինչպէս որ իշխաններն ասեցին նորանց:
  • 22Եւ Յեսուն նորանց կանչեց, եւ նորանց հետ խօսեց ասելով. Ի՞նչու համար մեզ խաբեցիք եւ ասեցիք. թէ Ձեզանից շատ հեռու ենք. քանի որ դուք մեր մէջն էք բնակվում:
  • 23Եւ հիմա դուք անիծեալ եք, եւ ձեզանից փայտ կտրող եւ ջրկիր ծառայ չ’պակասի իմ Աստուծոյ տանը:
  • 24Եւ նորանք Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Որովհետեւ քո ծառաները ստուգիւ իմացան, որ քո Տէր Աստուածն իր ծառայ Մովսէսին հրամայել է որ այս բոլոր երկիրը ձեզ տայ, եւ այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջիցը բնաջինջ անէ, ուստի մենք ձեր պատճառովը մեր անձերի համար շատ վախեցանք եւ այս բանն արինք:
  • 25Եւ ահա հիմա քո ձեռքին ենք. քեզ ինչ հաճոյ եւ արդար երեւայ այն արա մեզ:
  • 26Եւ նորանց այնպէս արաւ, եւ նորանց Իսրայէլի որդկանց ձեռքիցն ազատեց, եւ նորանց չ’մեռցրին:
  • 27Եւ Յեսուն նոյն օրը փայտ կտրող եւ ջրկիր արաւ նորանց ժողովքի եւ Տիրոջ սեղանի համար մինչեւ այս օրը այն տեղում, որ նա կ’ընտրէ:
← Ցանկ