Սուրբ Հոգուն տարբերելը

UntitledԵս հավատում եմ, որ ժամանակակից քրիստոնեության մեջ կա մեկ կենտրանական, հիմնական հարց, որը հաճախ չարաշահվում է: Փաստորեն մենք շատ հազվադեպ ենք իրապես մտորում այս հարցի շուրջ: Այս հարցը վերաբերում է Սուրբ Հոգուն տարբերելուն: Ինչպե՞ս ենք մենք տարբերում կամ զանազանում Սուրբ Հոգուն: Ինչպե՞ս իմանանք, թե ինչի է նման Սուրբ Հոգին: Ինչպե՞ս զանազանենք Սուրբ Հոգուն մյուս հոգիներից:

Մեկ անգամ ես մի փաստարկ կարդացի, որը արվել էր «Նյու Էյջ» («Նոր Դար») շարժման հետևորդի կողմից, որում նա խոսում էր «Նյու Էյջի» մասին. «Երբ գալիս է սուրբ հոգին, այդտեղ է գալիս նաև «Նյու Էյջը»:»: Իհարկե, ես վստահ եմ, որ ձեր մեծամասնությունը հասկանում է, որ խոսելով սուրբ հոգու մասին, նա չի խոսում այն Սուրբ Հոգու մասին, որն Աստվածաշնչում է: Սա ապացույցներից մեկն է, որ գոյություն ունի կեղծ սուրբ հոգի:

Սատանայի համար կրոնական պատենդներ արտադրելը նոր զբաղմունք չէ: Հիսուսի ժամանակներից պատմությունը նկարագրում է սուտ քրիստոսների մի ամբողջ շարք, որոնք ի հայտ են եկել հրեա ժողովրդի միջից: Նրանք բոլորն էլ ունեցել են հետևորդներ: Ոմանք, ինչպես Սաբբեթա Ցվին էր, հսկայական և տևական ազդեցություն են ունեցել: Նրանցից վերջինը մահացել է 1994 թվականին:

Կրոնական պատենդի մեկ այլ տեսակը «երանելի կույս Մարիամի» տիտղոսն է: Նրան վերագրած բոլոր փաստարկները և տիտղոսները ոչ մի ընդհանուր բան չունեն այն համեստ հրեա աղջկա հետ, որը դառնում է Հիսուսի մայրը, իսկ ավելի ուշ` վերջինիս եղբայրների և քույրերի մայրը: Բայց, համենայնդեպս, հարյուրամյակների ընթացքում այս պատենդը հավակնում էր միլիոնավոր անկեղծ քրիստոնյաների նվիրմանը:

Մենք պետք է արթուն լինենք, որպեսզի չխաբվենք նմանատիպ կեղծ «սուրբ հոգով»: Ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ Սուրբ Հոգուն տարբերելու երեք ճանապարհ, և թե ինչպես իմանալ` ինչպիսին է Սուրբ Հոգին:

Առաջին ճանապարհը ես նկարագրել եմ «Աղմուկ Եկեղեցում» փոքրիկ գրքույկում, որը գրվել է իմ կողմից երկու տարի առաջ: Ես ուղղակի կմեջբերեմ մի քանի տող.

«Մյուս վտանգը, որը սպառնում է գերբնական ոլորտում ծառայող մարդկանց, հոգևոր պարգևների օգտագործման գայթակղությունն է՝ մարդկանց հանդեպ մանիպուլյացիայի, կառավարման և տիրապետման համար: Իմ ծառայության մի ժամանակահատվածում ես ստիպված էի եկեղեցու որոշ անդամներից հեռացնել կախարդության ոգին: Ես խնդրեցի Տիրոջից ցույց տալ ինձ կախարդության ճշմարիտ բնույթը: Ես հավատում եմ, որ Տերն ինձ տվեց հետևյալ սահմանումը. «Կախարդությունը մարդկանց հսկելու և ձեր ուզածը պարտադրելու փորձ է` օգտագործելով մեկ այլ ոգի, որը Սուրբ Հոգին չէ»: Այն բանից հետո, երբ ես մարսեցի սա, Տերն ավելացրեց. «Եթե որևէ մեկն ունի մի հոգի, որին կարող է շահագործել, ապա դա Սուրբ Հոգին չէ: Սուրբ Հոգին Աստված է, և ոչ ոք չի կարող շահագործել Աստծուն: Սա շատ կարևոր է: Սուրբ Հոգին Աստված է, և ոչ ոք չի կարող ղեկավարել Աստծուն»:

Այնուհետև ես շարունակեցի.

«Այսօր ես ներքնապես ցնցվում եմ, երբ տեսնում կամ լսում եմ մի մարդու, որը հայտարարում է, որ նա հոգևոր պարգևներ ունի, որոնք կարող է այնպես օգտագործել, ինչպես կկամենա: Եվ իրոք, չի եղել մի դեպք, երբ մեկը, ով նման հայտարարություն է արել, արդյունքում չհայտնվի վարդապետական սխալների մեջ»:

Շատ կարևոր է տեսնել, որ տարբերություն կա Սուրբ Հոգու` որպես անձի և պարգևների միջև:
Հռոմեացիներին 11:29-ում Պողոսն ասում է մեզ. «Աստծո շնորհն (պարգևը) անփոխարինելի է»: Այլ խոսքով ասած` եթե Աստված պարգև է տալիս, ապա Նա երբեք այն հետ չի վերցնում: Մենք ազատ ենք դրանցից օգտվելու մեջ և ոչ թե չարաշահելու այն: Բայց եթե անգամ մենք չարաշահում ենք այն, Աստված այն մեզանից չի վերցնում: Հակառակ դեպքում այն իսկական պարգև չէր լինի, այլ պայմանականորեն կարելի կլիներ անվանել այն որպես պարտք:

Փաստ է, որ մարդիկ չարաշահում են Սուրբ Հոգու պարգևները: Պողոսը 1Կորնթացիներին 13:1-ում տալիս է սրա պարզ օրինակը.

«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես ձայն հանող պղինձ եղա կամ հնչող ծնծղա»:

Միանգամայն պարզ է, որ Սուրբ Հոգին ձայն հանող ծնծղա չի կարող լինել: Բայց երբ չարաշահվում է լեզուներով խոսելու պարգևը, կարող է դատարկ, անօգուտ աղմուկ դառնալ: Ցավոք սրտի սա շատ հաճախ է տեղի ունենում հոգեգալստական ու խարիզմատիկ շրջանակներում:
Ես հավատում եմ, որ հնարավոր է չարաշահել այնպիսի հոգևոր պարգևներ, ինչպիսիք են գիտության խոսքը և բժշկության պարգևը: Դա կարող է տեղի ունենալ, երբ որևէ մեկը հոգևոր պարգևն օգտագործում է արդյունքին հասցնելու և գովազդելու մի շարժում, որը ներդաշնակ չէ Աստծո կամքին: Եվ բացահայտ չարաշահում է, երբ պարգևը գործածվում է անձնական օգուտի ստացման համար:
Այսպիսի դեպքերում ամենաապահով փաստարկը Սուրբ Հոգուն` որպես անձնավորություն տարբերելն է: Պետք է տարբերենք նաև Սուրբ Հոգու և պարգևների միջև:
Այդ պատճառով առաջին և ամենակարևոր փաստը, որը վերաբերում է Սուրբ Հոգուն, սա է` ՆԱ ԱՍՏՎԱԾ Է: Եվ մենք պետք է վերաբերվենք Նրա հետ որպես Աստված:

Սուրբ Հոգու վերաբերյալ երկրորդ փաստն այն է, որ Նա ծառայում է Հայր Աստծուն և Որդի Աստծուն: Սա մի հրաշալի հայտնություն է, որովհետև այն մեծ արժեք է տալիս ծառայությանը: Այսօր շատ մարդիկ նախատում են ծառա լինելու գաղափարը: Նրանք հավատում են, որ դա նվաստացուցիչ է և իրենց վայել չէ ծառա լինելը: Բայց ես կարծում եմ` հրաշալի է, որ ծառայությունը երկրի վրա չի սկսվել: Այն սկսվել է հավիտենության մեջ, որի աղբյուրը հենց Աստծո մեջ է: Սուրբ Հոգին Հոր և Որդու ծառան է: Սա Իրեն չի նվաստացնում ու փոքրացնում Աստծուց: Բայց սա փաստ է, որը մենք պետք է ընդունենք: Նա մեզ հասկացողությունէ տալիս Իր գործունեության ու աշխատանքի վերաբերյալ, որը Նա անում է:

Հովհաննեսի 16:13-14-ում Հիսուսը մեզ է տալիս Սուրբ Հոգու ծառայության և գործունեության պատկերը.

«Սակայն երբ Նա` ճշմարտության Հոգին գա, Նա մեզ ամեն ճշամարտության մեջ կառաջնորդի, որովհետև Իր անձից չի խոսի, այլ կասի, ինչ-որ լսի և գալիք բաները կպատմի ձեզ: Նա ինձ կփառավորի, որովհետև Իմից կառնի ու կպատմի ձեզ»:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին Իրենից չի խոսում, Նա Ինքն Իրենից պատգամ չունի: Հետաքրքիր չէ՞ արդյոք սա: Նա մեզ փոխանցում է միայն այն, ինչը որ լսում է Հորից և Որդուց: Երկրորդ, Նրա նպատակը ոչ թե Ինքն Իրեն փառավորելն ու ուշադրությունն Իր վրա գրավելն է, այլ Նա մշտապես փառաբանում և մեր ուշադրությունն ուղղում է Հիսուսի վրա: Սա Սուրբ Հոգուն ճանաչելու և տարբերելու երկրորդ կարևոր կետն է:

Այժմ ես ցանկանում եմ, որ դուք շատ ուշադիր լսեք սա, որովհետև սա կարող է հեղափոխական դրույթ լինել ձեզ համար: Ցանկացած հոգի, որն ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա և մեծարում է ինքն իրեն, Սուրբ Հոգին չէ: Սա հակասում է Իր բնույթին և նպատակին: Եթե դուք հաշվի առնեք սա, այն ձեր աչքերը շատ բաների վրա կբացի, որոնք տեղի են ունենում Եկեղեցում և որոնք այլ ձևով դժվար է հասկանալ:

Օրինակ, մենք մի հրաշալի երգ ենք երգում Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին: Առաջին տունը վերաբերում է Հորը. «Փառաբանում ենք Քո անունը ողջ երկրի վրա»: Երկրորդ տունը վերաբերում է Հիսուսին. «Փառաբանում ենք Քո անունը ողջ երկրի վրա»: Երրորդ տունը վերաբերում է Սուրբ Հոգուն. «Փառաբանում ենք Քո անունը ողջ երկրի վրա»: Ես սիրում եմ երգել առաջին երկու տները, սակայն հրաժարվում եմ երրորդ տունը երգելուց, որովհետև ես չեմ հավատում, որ դա համապատասխանում է Գրություններին: Սուրբ Հոգին երբեք չի փառաբանում Իր սեփական անունը: Նրա խնդիրն Իրեն Ուղարկողին փառաբանելն է:
Թույլ տվեք ևս մեկ դրույթ առաջադրել ձեզ: Գրություններում ոչ մի տեղ չեմ գտել աղոթքի մի օրինակ, որը հասցեագրված լինի Սուրբ Հոգուն: Այնպես որ, որքան ես հասկանում եմ, Աստվածաշնչում ոչ ոք չի աղոթել Սուրբ Հոգուն: Դուք, հավանաբար, ավելի լավ կանեք, որ ինքնուրույն ստուգեք սա, բայց ես ուշադիր զննել եմ և որևէ նման դեպք չեմ գտել:

Դուք իրավունք ունեք հարցնելու. «Ինչու՞ է այդպես»: Եվ ես ձեզ այսպիսի պատասխան կտամ. «Սա երկնային վարվեցողության հարց է»: Այսօր երկրի վրա այնքան քիչ է հարգանքը վարվեցողության հանդեպ, որ երբեմն չենք գիտակցում, որ կա նաև երկնային վարվեցողություն, երկնային էթիկա: Այս վարվեցողությունը վերաբերում է «տեր-ծառա» փոխհարաբերություններին: Այնպիսի փոխհարաբերություններում, երբ դուք գործ եք ունենում ծառայի հետ, դիմում եք ոչ թե ծառային, այլ տիրոջը: Դուք կխնդրեք տիրոջը, որ նա իր ծառային ասի, թե ինչ պետք է անի: Ճիշտ չէ անմիջապես դիմել ծառային, երբ իր տերն ի վիճակի է լսել ձեզ:
Ես հավատում եմ, որ սա երկնային վարվեցողության կարգն է: Երբ դուք իմանաք Սուրբ Հոգու փոխհարաբերությունների մասին Հայր Աստծո և Որդի Աստծո հետ, ապա կսկսեք հասկանալ, որ մենք Սուրբ Հոգուն երբեք ուղղություն չենք տալիս: Երբ մենք ցանկանում ենք, որ Սուրբ Հոգին որևէ բան անի, ապա պետք է մեր խնդրանքն ուղղենք Հորը կամ Որդուն:

Երբ ես ուսումնասիրում էի սա, Եզեկիել 37-ում գտա մի խոսք, որը, ինչպես ես սկզբից մտածեցի, բացառիկ էր: Սա Եզեկիելի լավ հայտնի տեսիլքի մի մասն է` դաշտ` լիքը մերկ ոսկորներով, որոնք զուրկ էին կյանքից: Սկզբում նա մարգարեանում է, և այդ ոսկորները միանում են, բայց շարունակվում են մնալ իբրև անկենդան կմախքներ: Այնուհետև խոսք 9 և 10.

«Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին (որոշ թարգմանությունների մեջ գրված է` հոգուն), մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի և ասա շնչին. «Այսպե՛ս է ասում Տեր Եհովան.- Չորս աշխարհակողմից ե՛կ, ո՛վ շունչ (հոգի) և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան»: Եվ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվիրել էր, և շունչը (հոգին) նրանց մեջ մտավ, և նրանք կենդանացան և կանգնեցին իրենց ոտքերի վրա, և մի խիստ շատ մեծ բանակ էր»:

Այսպիսով, ես մտածում եմ, որ հոգին քամու կամ էլ Սուրբ Հոգու իրական պատկերն է: Եզեկիելը քամուն էր աղոթում: Բայց իրականում նա չէր աղոթում, նա մարգարեանում էր: Եվ դա իրենից չէր բխում: Նա ուղղակի քամուն ցույց էր տալիս այն ուղղությունը, որը ստացել էր Աստծուց: Հետևաբար, ես կարող եմ եզրակացնել, որ Գրություններում չկա Սուրբ Հոգուն ուղղված աղոթքի որևէ օրինակ:

Ես չեմ փորձում սրանից մեծ եզրակացություններ անել: Բայց մեկ այլ կողմից ես մտածում եմ, որ այս ամենը շատ կարևոր է մեզ համար, եթե մենք փորձում ենք ճանաչել Սուրբ Հոգու էությունն ու ծառայությունը: Դուք կարող եք ասել ինձ. «Լա՛վ, բայց Աստված արդյոք չի՞ լսում մեր աղոթքը, երբ աղոթում ենք Սուրբ Հոգուն»: Ես մտածում եմ, որ լսում է: Բայց մեր աղոթքը չի համապատասխանում երկնային վարվեցողության կարգին: Եթե մենք, իրոք, ցանկանում ենք հաճո լինել Տիրոջը և ցույց տալ մեր պատկառանքը Նրա հանդեպ, ապա պետք է հարգանք տածենք Իր վարվելակարգի հանդեպ:

Սուրբ Հոգու վերաբերյալ երրորդ կարևոր փաստը բխում է Իր անունից` Սուրբ: Նա Սուրբ է: Սա Նրա գլխավոր տիտղոսն է` Սո՛ւրբ Հոգի: Եբրայերենով այն բառացի հնչում է որպես Սրբության Հոգի: Նա ունի նաև բազմաթիվ այլ անուններ, օրինակ. Գեղեցկության Հոգի, Ճշմարտության Հոգի, Զորության Հոգի և այլն: Բայց այս բոլորը երկրորդ պլանում են: Նրա անունը և Նրա գլխավոր տիտղոսը Սուրբ Հոգին է:

Աստվածաշունչը նույնպես խոսում է սրբության գեղեցկության մասին: Եվ, իրոք, սրբության մեջ գեղեցկություն կա, երբ այն Սուրբ Հոգուց է: Պարտադիր չէ, որ այն արտաքնապես լինի: Դա կարող է ներքին գեղեցկություն լինել: Օրինակ, 1Պետրոս 3:4-ում Պետրոսը խոսում է սրտի ծածուկ մարդու և հեզ ու հանդարտ հոգու մասին, որն Աստծո աչքերում շատ թանկագին է: Սա արտաքին գեղեցկությունը չէ: Այս գեղեցկությունը ներքին է, որը Սուրբ Հոգուց է բխում:

Ես մեծագույն շեշտադրությամբ ցանկանում եմ ասել. «Ոչ մի անսուրբ և անկարգ բան Սուրբ Հոգուց չէ»:

Ես 12 ածականների ցանկ կտամ, որոնցից ոչ մեկն էլ չի կարող վերագրվել Սուրբ Հոգուն: Երբ շարժվեք այս ցանկով, ձեզ խորհուրդ կտամ ուշադրությամբ ստուգել և նայել, թե արդյոք համաձա՞յն եք ինձ հետ: Եվ ահա այն բառերը, որոնք Սուրբ Հոգուն չեն վերագրվում `

ինքնամեծար                  ինքնահաստատ
գռեհիկ                            կոպիտ
հաճոյախոս չէ                 ստոր
անզգամ                           անմիտ
զվարճացնող                   թեթևամիտ
անկում ապրած               չի տանում դեպի հետընթացը:

Եթե Աստված կամենա, և ես կենդանի լինեմ, մի ցանկություն ունեմ սրտումս` գրել մի գիրք, որի համար ես արդեն ընտրել եմ անունը: Անունն այսպիսին է` «Սրբությունն ընտրովի»: Միայն Աստծուն է հայտնի, թե կհասցնե՞մ արդյոք գրել այդ գիրքը, բայց ամեն դեպքում ցանկանում եմ ասել, որ այս վերնագիրն անվերապահորեն ճշմարիտ է: Քրիստոնեական կյանքում սրբությունը չեն ընտրում: Շատ քրիստոնյաներ սրբությանը վերաբերվում են այնպես, որ կարծես այն իրենց մեքենայի մի տարր կամ էլ իրենց կահույքի կաշվե պաստառի պես մի բան լինի: Բայց սա ճշմարիտ չէ: Սրբությունը փրկության հիմնական մասն է: Եբրայեցիներին ուղերձի 12:14-ում Պողոսն ասում է. «Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի»: Ի՞նչ փրկություն, եթե Տիրոջ երեսը չենք տեսնելու: Բայց առանց սրբության ոչ ոք Տիրոջ երեսը չի տեսնի:

Ներկայիս արևմտյան քրիստոնեության մեջ մենք թերի պատկերացում ունենք փրկության մասին: «Եթե ես վերստին ծնվել եմ և փրկված եմ, ցանկանում եմ ավելի առաջ գնալ և սուրբ լինել: Ես կարող եմ այդպիսին լինել, բայց դա իմ հայեցողությանն է թողնված»: Ես ցանկանում եմ ասել ձեզ, որ ձեր փրկությունը կախված է ձեր սրբությունից: Իսկ սրբությունը գալիս է միայն Սուրբ Հոգուց:

Վերջին շարժումների մեջ բազում գծեր կան, որոնք ես կընդգծեի որպես անսուրբ դրսևորումներ: Բայց ես ձեզ ցույց կտամ միայն մեկը, և դա մարդկային արարածների կենդանական պահվածքն է, որը վերագրվում է Սուրբ Հոգուն: Այդպիսի շատ օրինակներ կան, և դրանցից ոմանց ես վկա եմ եղել, իսկ որոշների մասին ուրիշներից գիտեմ: Ամենից առաջ ես ցանկանում եմ ասել, որ Աստվածաշնչում չկա որևէ տեղ, և ես դա հաստատ գիտեմ, որտեղ Սուրբ Հոգին մարդուն ստիպի կենդանու պես վարվել: Կա Բաղաամի օրինակը, բայց մեծ տարբերություն կա այնտեղ: Աստված էր այն բանի պատճառը, որ ավանակը խոսեց մարդու պես, բայց Նա չստիպեց Բաղաամին ավանակի պես զռռալ:

Մի մարդ կար, որին Աստված ստիպեց կենդանու պես վարվել` Նաբուգոդոնոսորը:

«… և մարդկանց միջից արտաքսվեց և խոտ էր ուտում արջառների պես, և երկնքի ցողով թրջվում էր նրա մարմինը, մինչև որ նրա մազերը երկարացան, ինչպես` առյուծներինը, և նրա եղունգները թռչունների պես եղան»:

Դանիել 4:33

Բայց սա Աստծո դատն էր և ոչ թե օրհնությունը:

Հայտնության 4:6-8-ում չորս կենդանիներ են նկարագրված, որոնք շրջապատում են Աստծո գահը: Նրանցից երեքը «կենդանական» արքայության ակնհայտ ներկայացուցիչներ են` առյուծ, եզ և արծիվ: Բայց դրանցից ոչ մեկը որևէ ձայն չի արտաբերում, որը կարտահայտի նրանց «կենդանական» բնույթը: Նրանք բոլորն էլ մաքուր և գեղեցիկ արտասանությամբ միաբերան հռչակում էին Աստծո սրբությունը:

Կարևոր է գիտակցել, որ Աստծո արարչագործության մեջ կարգ կա: Մարդը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ` կենդանական աշխարհի վրա իշխելու համար (Նայի՛ր Ծննդոց 1:26): Փաստորեն մարդը Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրված արարչագործության ամենաբարձր աստիճանն է:

Սա այն սկզբունքներից մեկն է, թե Աստված ինչպես է օրհնում մեզ: Նա առանձնցնում է նրան, ում ընտրում է: Երբեմն Նա կստիպի, որ կենդանին որոշ կերպով մարդու պես վարվի: Բայց Նա երբեք մարդուն չի տանի հետընթացի ճանապարհով` ստիպելով, որ վերջինս իրեն կենդանու պես պահի:

Այս ոլորտում ես բավականին փորձ ունեմ, քանի որ գտնվելով Աֆրիկայում` շատ անգամներ եմ գործ ունեցել անթիվ քանակությամբ կենդանական ոգիների հետ: Ես հիշում եմ ազատագրության մի հստակ ծառայություն, որը ես անցկացնում էի 7000 աֆրկացիների հետ Զամբիայում: Երբ ես վերջացրեցի ուսուցանելը և սկսեցի չար ոգիներին հրամայել, որ նրանք դրսևորեն իրենց, որպեսզի դուրս գան, ապա սկսեցին դրսևորվել ամենազանազան տեսակի կենդանիների ոգիներ: «Կենդանական ոգիներ» հասկացողության տակ ես նկատի ունեմ չար, դիվային ոգիներին, որոնք մտնում են մարդու մեջ և վերջինիս ստիպում են կենդանու պես վարվել:
Առաջինը եղավ այն, որ առյուծի ոգով բռնված ինչ-որ մի տղամարդ փորձեց հարձակվել ինձ վրա: Բայց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան, և նա չկարողացավ հասնել ինձ:

Կարևոր է իմանալ պատճառը, թե ինչու Աֆրիկայի այդ տարածքի բնակիչները այդքան շատ են բռնված կենդանիների ոգիներով, այն է, որ նրանցից շատերը որսորդներ են: Այնտեղ մի սնահավատություն է տարածված, ըստ որի եթե մեկը ցանկանում է հաջող որս ունենալ, նա պետք է իր մեջ ընդունի տվյալ կենդանու ոգին: Այսպիսով, մարդիկ փորձում են ստանալ այն կենդանու ոգին, որին նրանք որսում են: Օրինակ, մարդը, որն առյուծներ է որսում, ընդունում է առյուծի ոգի:
Կան նման շատ օրինակներ: Մենք գործ ենք ունեցել վայրի վարազների ոգիների հետ, որոնք մարդկանց ստիպում էին վարազի պես քթով փորել հողը: Եղել են շատ օձային ոգիներ: Դրանք հիմնականում կանանց մեջ էին բնակվում, և երբ նրանք դրսևորում էին իրենց, կանայք պառկում էին իրենց փորերի վրա և օձի պես գալարվում էին: Այս ամենին ես վկա եմ եղել:

Կա նաև մեկ այլ ոգի, որին անձամբ ես չեմ հանդիպել, բայց լսել եմ մի միսիոներ զույգից, որոնք այդ ժողովի կազմակերպիչներն էին: Ավելի ուշ ես հանդիպեցի այդ աղջկան: Նա հրաշալի քրիստոնյա է` դպրոցի ուսուցչուհի, սակայն նրա ամուսինը փղերի որոսորդ էր: Երբ նա ազատագրության համար գալիս է միսիոներ ամուսինների մոտ, վերջիններս հրամայում են, որ փղի ոգին դուրս գա: Այդ ժամանակ նա չորեքթաթ ընկնում է գետնին, սկսում է այդպես ման գալ սենյակի մեջ, հետո բաց է անում դուռը, դուրս գալիս և ճակատով հենվում է մի ծառի` փորձելով այն տապալել գետին: Հետաքրքիր է, այնպես չէ՞: Հնարավոր է, որ արևմտյան կարծրասիրտ բարեհոգի քրիստոնյաներից մեկն ասի. «Մեր քույրը ծառը տապալում է Հիսուսի համար»: Սակայն սա բացատրություն չէ: Փղի ոգին ստիպում էր նրան անել այն, ինչը սովորաբար փղերն են անում` ճակատով տապալել ծառերը:
Արևմուտքում մենք ժամանակ առ ժամանակ հակված ենք ասել, որ Աֆրիկայի բնակիչներն անկիրթ ու հասարակ մարդիկ են, իսկ մենք` ամեն ինչում ավելի փորձված: Սակայն ես կարծում եմ, որ կենդանական ոգիների գիտելիքների ոլորտում այդ մենք ենք, որ Արևմուտքում անկիրթ ենք, իսկ աֆրիկացիներն ավելի տեղեկացված են: Սերունդներով նրանք ապրում են այս ոգիների հետ և մինչև Ավետարանը Հիսուսի անվամբ և Աստծո Խոսքի զորությամբ չգա, նրանք ոչինչ չեն կարող անել դրանց հետ: Փա՛ռք Աստծո, որ նրանցից շատերն այսօր գիտեն` ինչպես գործ ունենալ այդ ոգիների հետ:

Մեկ այլ օրինակ, որը հայտնի է դարձել տարբեր աղբյուրներից, դրանք մարդիկ են, որոնք պահում են իրենց շան պես: Ես սիրում եմ շներին, բայց կարծում եմ, որ դրանց պետք է պահել իրենց համար որոշված վայրում: Ես չեմ կարծում, որ Սուրբ Հոգին երբևէ կլինի այն բանի պատճառը, որ ինչ-որ մեկը շան պես կլանչի կամ չորեքթաթ վազի:

Երբ կենդանական ոգիների նման դրսևորում է լինում, կան որոշակի քայլեր, որոնք մենք պետք է անենք: Մենք չպետք է հանդուրժենք կամ խրախուսենք նման դրսևորումները կամ էլ այդ ամենը «թաքցնենք գորգի տակ» և տեսք ընդունենք` կարծես ոչինչ էլ չի եղել:
Մատթեոսի ավետարանի 12:33-ում Հիսուսը խրատում է մեզ.

«Կա՛մ ծառը բարի արեք և նրա պտուղն էլ բարի, կա՛մ էլ ծառը չար արեք և նրա պտուղն էլ չար, որովհետև ծառն իր պտղիցն է ճանաչվում»:

Եթե ինչ-որ տեղ վատ պտուղ կա, ապա այն վատ ծառից է առաջացել: Բավական չէ ազատվել վատ պտուղից: Մենք պետք է կտրենք նաև վատ ծառը, որը վատ պտուղի աղբյուրն է: Եթե մենք դա չանենք, ապա վատ ծառը կշարունակի վատ պտուղներ տալը:

Ամեն կասկածից վեր է, որ եթե ծառը նման անասնական պտուղ է բերում, ապա այն իրենից օկկուլտային կամ էլ հեթանոսական ներգրավվածության որոշակի ձև է ներկայացնում: Օրինակ, կենդանական պահվածքի նման դրսևորումներ հաճախ դիտարկվում են Աֆրիկայի և Հնդկաստանի որոշ մասերում:
Ինչ-որ մեկն ասել է. «Խոստովանությունը պետք է ընդգրկի մարդկանց այնպիսի մի շրջանակ, ինչպիսին որ ընդգրկել էր կատարված հանցագործությունը»: Եթե առաջնորդները մարդկանց ներկայությամբ խրախուսել են նման երևույթները, ապա հենց այդ մարդկանց մոտ էլ նրանք պետք է խոստովանեն, որ դա մեղք է և հրաժարվեն դրանից: Հակառակ դեպքում վնասակար ազդեցությունն այնքան կշարունակվի, մինչև այդ արմատը չհեռացվի:

Վերջում ես կցանկանայի ձեզ մի փոքրիկ «առակ» ասել, որն ինքս եմ հնարել կնոջս հետ իմ փոխհարաբերությունների մասին: Այս առակում կինս իբրև թե ներկայացնում է Սուրբ Հոգուն, իսկ ես` Աստծուն: Խնդրում եմ, հասկացեք, որ սա ընդամենը մի փոքրիկ առակ է, և ես հրաշալի պատկերացնում եմ, որ Սուրբ Հոգին Աստծո կինը չէ: Այսպիսի պայմանով թույլ տվեք ինձ պատմել այս առակը:

Ինձ մոտ է գալիս ընկերս և ասում. «Երեկ երեկոյան ես քեզ կնոջդ հետ բեմի վրա տեսա, և նա այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն թարմ տեսք ուներ, որ կարծես լցված լիներ Սուրբ Հոգով»: Եվ ես պատասխանում եմ. «Շնորհակա’լ եմ քեզանից: Նա հենց այդպիսին էլ կա»: Այնուհետև քիչ անց նույն մարդը գալիս է ինձ մոտ և ասում. «Գիտե՞ս, երեկ ես քո կնոջը բարում եմ տեսել մի հարբած տղամարդու հետ»: Եվ ես ասում եմ. «Դա իմ կինը չէ: Իմ կինը մաքուր և բարեպաշտ կին է: Նա բար չի գնում և անծանոթների հետ չի խմում: Իմ կինը երեկ ողջ օրն ինձ հետ էր: Իմ կնոջ մասին այդպես մի՛ խոսիր»:

Բայց քիչ անց նա կրկին գալիս է ինձ մոտ և հայտարարում. «Գիտե՞ս, երեկ ես քո կնոջը ծովափին մերկ պառկած եմ տեսել»: Այդ ժամանակ ես սկսում եմ բարկանալ: Ես նրան ասում եմ. «Իմ կինը երեկ ծովափում չի եղել: Նա իրեն երբեք այդպես չի դրսևորում: Եթե դու ուզում ես իմ ընկերը մնալ, ապա պետք է նկատի ունենաս, որ երբեք չփորձես համեմատել այդ դատարկաբան ու անբարոյական կանանց իմ կնոջ հետ, որովհետև դա վիրավորում է թե՛ իրեն, թե՛ ինձ: Եվ եթե դու ցանկանում ես իմ ընկերը մնալ, ապա դու չպետք է քեզ թույլ տաս նման բաներ խոսելու իմ կնոջ մասին»:

Եզրակացությունն իհարկե այսպիսին է` եթե դուք ցանկանում եք Աստծո ընկերը մնալ, ապա չեք կարող ձեզ թույլ տալ համեմատել Իր Սուրբ Հոգուն որևէ նվաստացուցիչ կամ անբարոյական, կամ անկարգ ու անսուրբ բանի հետ, որովհետև դա անհապաղորեն կբարկացնի Աստծուն:
Իսկ այժմ մենք մոտեցել ենք Աստվածաշնչի մեր եզրափակիչ տեղին, որը գտնվում է Մատթեոսի ավետարանի 12:31-32-ում: Հիսուսն ասաց.

«Դրա համար ասում եմ ձեզ` ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվի, բայց Հոգուն հայհոյելը մարդկանց չի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ բան ասի, կներվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգու դեմ բան ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում»:

Սա շատ հանդիսավոր և վախեցնող զգուշացում է: Մենք Հիսուսի կողմից զգուշացվում ենք լինել շատ-շատ զգույշ, երբ խոսում ենք Սուրբ Հոգու մասին և ներկայացնում Սուրբ Հոգուն:

Հիսուսն օգտագործում է «հայհոյություն» բառը, և ես որոշեցի նայել իմ մեծ հունարեն բառարանը: «Հայհոյություն» բառի հիմնական նշանակությունը, որը տրված է բառարանում, «մակերեսորեն խոսելն է (դուրս տալը)» կամ էլ «սուրբ բաների փոխարեն այլ բան նկատի ունենալը»: Այսպիսով, երբ դուք թեթևամտորեն կամ էլ անտեղի եք արտահայտվում Սուրբ Հոգու հանդեպ, դա սահմանվում է որպես հայհոյանք:

Եթե դուք նման բան եք արել կամ էլ ստիպված եք եղել նման բան անել, կամ էլ համամիտ եք եղել նման բան անողի հետ, ապա ես ցանկանում եմ ձեզ մի անկեղծ խորհուրդ տալ` դուք պետք է ապաշխարեք: Դուք պետք է մեկընդմիշտ որոշեք սա Աստծո հետ և երբեք Աստծո Սուրբ Հոգուն անարգելու մեջ մեղավոր չլինեք: Որովհետև Աստծո Սուրբ Հոգին Սուրբ է և Նա Աստված է:

«Պաշտպանություն մոլորությունից» գրքից