Մեր դարում մենք հերոսների կարիք ունենք: Հերոսներն են պատմություն կերտում, եղանակ փոխում, սերունդ դաստիարակում: Նախորդ դարի բարեպաշտ հերոսներին փոխարինելու են եկել ավտոմատավոր, հանցագործ, անկիրթ և փողոցային «հերոսները»:

Լիդիան՝ այն հերոսուհին, ում մասին պատմվում է այս գրքում, բացի Աստվածաշնչից ու հոժար սրտից ոչինչ չուներ: Ավելի շուտ, նա սկզբում ամեն բան ուներ, սակայն թողեց ամեն ինչ՝ Ավետարանի և Տեր Հիսուսի համար: Հրաժարվեց հայրենի բարեկեցիկ Դանիայից, ուսուցչի վաստակավոր կոչումից, հարմարավետ կյանքից և մեկնեց Երուսաղեմ՝ որոնելու իր համար նախատեսված նախասահմանվածությունն ու կոչումը:

Իսկ թե ինչ գտավ արդյունքում, մանրամասն կիմանաք, երբ կարդաք գիրքը: Սակայն ընդհանուր առմամբ շատ բան գտավ. գտավ ավելի քան 70 որբ երեխաներ, այդ թվում և հայ երեխաներ, ովքեր զուրկ էին ծնողական և հատկապես մայրական խնամքից ու գուրգուրանքից: Գտավ իր ապագա ամուսնուն՝ Դերեկ Պրինսին, ով պիտի երջանկացներ իրեն և իր որդեգիր ութ դուստրերին: Գտավ իր համար նախասահմանվածը ու վերջիվերջո այն գանձը, որ որոնելիս է եղել իր գիտակից ողջ կյանքի ընթացքում՝ Երուսաղեմ քաղաքը:

Հնարավոր չէ գիրքը կարդալ առանց հուզմունքի և սրտի տրոփյունի: Գրքի գեղարվեստական, գեղեցիկ լեզուն և ոճը ձեզ կտանի 20-րդ դարի սկզբի Երուսաղեմ, կծանոթանաք մարգարեությունների կատարմանը, և ով գիտե, գուցե և կսիրահարվեք այդ հինավուրց և բիբլիական քաղաքին, ինչպես՝ Լիդիան:
Գիրքը ոչ միայն գեղարվեստական պատմվածք է՝ հիմնված բացառապես իրական փաստերի վրա, այլև ուսուցում, հորդոր, քաջալերանք և աղոթք: Այն կբարձրացնի ընթերցողի հավատքը, թև կտա և կհաստատի աստվածային կոչման մեջ:

Թող Աստված շարժի մեր սրտերն այս գրքի միջոցով, որ հակադարձենք դարի «հերոսներին»՝ Աստծո որդիների հայտնությամբ:

Վազգեն Զոհրաբյան

Հայաստանում և տարածաշրջանում
«Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն