Աշխարհը գնալով ավելի ու ավելի անմխիթար է դառնում։ Կորուստները, պատերազմները, ճգնաժամերն աշխարհի մարդուն թողնում են անմխիթար, սգավոր, անճար վիճակի մեջ։ Եվ այս պատկերը գնալով ավելի է խտանալու, խորանալու։

Իսկապես անմխիթար և խղճուկ է մարդու վիճակն առանց Աստծո և Աստծո Խոսքի, քանի որ ճշմարիտ մխիթարության աղբյուրը հենց ինքն Աստված է։

Տեր Հիսուսը երանելի համարեց սգավորներին, քանի որ նրանք պիտի մխիթարվեն։

Այս սգավոր օրերի, ծանր կորուստների, զայրույթի մեջ մխիթարվե՛նք Աստծո հավիտենական և կենդանի Խոսքով։ Ձեզ ենք ներկայացնում Աստվածաշնչից մի քանի համար, որոնք մեծապես կօգնեն մեզ նեղությունների և սուգի ժամանակ։

«Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային տնօրեն`

Վազգեն Զոհրաբյան

«Նա ցածրերին բարձրության մեջ է դնում, և սգավորները բարձրանալով ազատվում են»։

Հոբ 5:11

«Հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը կենդանյաց երկրում։ Սպասի՛ր Տիրոջը, թո՛ղ սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը»։

Սաղմոս 27:13-14

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ վեհերիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ Իմ արդարության աջով։ Ահա պիտի ամաչեն և ամոթահար լինեն բոլոր քեզ դեմ բորբոքվողները, ոչնչի պես պիտի դառնան և փչանան քեզ հետ վիճող մարդիկ»։

Եսայա 41:10-11

«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն կունենաք, սակայն քաջացե՛ք, Ես հաղթել եմ աշխարհին»։

Հովհաննես 16:33

«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին` նրանց, որ նախասահմանվելով կանչված են»։

Հռոմեացիներին 8:28

«Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ և ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»։

Հռոմեացիներին 8:37-39

«Եվ հույսի Աստված լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով հավատքի միջոցով, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունով»։

Հռոմեացիներին 15:13

«Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը` գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստվածը, որ մխիթարում է մեզ ամեն նեղությունում, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որով մենք Աստծուց մխիթարվում ենք»։

2-րդ Կորնթացիներին 1:3-4

«Ոչ մի հոգս մի՛ արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»։

Փիլիպպեցիներին 4:6

«Չե՛մ թողնի քեզ և երեսից չե՛մ գցի»։

Եբրայեցիներին 13:5