Աստվածաշնչյան 12 համարներ բոլոր գործարարների համար

Աստվածաշունչը բոլոր ժամանակներում ժամանակակից գիրք է, ավելին, այն դուրս է ժամանակից և հավիտենական է։ Աստվածաշունչը ոչ թե փիլիսոփայական անիրագործելի մտքերի ժողովածու է, այլ խիստ գործնական և կիրառելի ամեն իրավիճակներում և ժամանակներում։ Այստեղ ցանկացած մարդ կգտնի կյանքի այնպիսի խոսքեր, որոնք կուղղորդեն, կքաջալերեն և կօգնեն նրան աստվածավայել և հաջողակ կյանքի համար։

Աստվածաշունչն ինչպես ասվեց խիստ գործնական գիրք է։ Դրա մեջ պարունակված խորհուրդները կատարելով մենք կհասնենք աներևակայելի հաջողության։ Գործարարությունն այնպիսի ոլորտ է, որտեղ հավատացյալը, եթե չունենա Աստծո Խոսքի ուղղորդիչ պատգամը, կմոլորվի։ Ահա մի քանի կենսական խոսքեր, որոնք մեծապես կխթանեն մեր միտքը՝ քաջալերելով ընթերցողին անգամ իր բիզնեսի և առօրյա գործերի մեջ առաջնորդվել Աստծո Խոսքով։

  1. Փիլիպպեցիներին 3:13-14. «Եղբայրնե՛ր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա. հետևի բաները մոռանալով առջևում եղող բաներին եմ ձգտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում»։

Հաճախակի գործարարները տուժում են անցյալի սխալներից և հուսահատություններից։ Մենք պետք է թույլ տանք, որ դրանք հեռանան, պետք է թափ տանք դրանք մեր վրայից և առաջ շարժվենք։ Անցյալում գուցե շատ սխալներ և ձախողումներ ենք ունեցել, սակայն եթե չմոռանանք անցյալը, առաջ չենք կարող շարժվել։ Առաջ մղող մի կարևոր ուժ և հանգամանք կա. դա Քրիստոսի մեջ եղած այն կոչումն է, որի մեջ Աստված մեզ կանչել է։ Պողոս առաքյալը դրան անվանում է նպատակ։ Հետևաբար, ցանկացած գործարար իր բիզնեսի մեջ պետք է աստվածային նպատակ ունենա և ձգտի հասնել դրան։

  1. 2-րդ Օրինաց 8:17-18. «Սրտումդ չասես, թե այս հարստությունն իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով վաստակեցի, այլ հիշիր քո Եհովա Աստծուն, որովհետև Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը»։

Եթե վերևի խոսքում առաքյալը խոսում էր մոռանալու մասին, ապա այստեղ Աստված հորդորում է հիշել։ Մենք պետք է մոռանանք անցյալի մեր ձախողումներ, սակայն հիշենք Աստծո գործերը մեր կյանքում։ Այս խոսքը մղում է գործարարին միշտ խոնարհ մնալ և չտրվել հպարտության կործանարար գայթակղությանը։

  1. 1-ին Պետրոս 4:10. «Ամեն մեկդ ինչպիսի որ շնորհք է ընդունել, իրար մատակարարեցե՛ք, ինչպես Աստծո կերպ-կերպ շնորհների լավ տնտեսներ»։

Բիզնեսի մեջ Աստված մեզ տարբեր շնորհներ է տվել։ Երբեմն գործարարությունը թիմային աշխատանք է, դրա համար շատ կարևոր է Աստծո շնորհներով մատակարարել գործակիցներին։ Գուցե մեկն ունի քաջալերանքի շնորհը, իսկ մյուսը՝ իմաստության և խրատի. մեր հաջողությունը լիարժեք կլինի, եթե միմյանց մատակարարենք այդ շնորհները։

  1. 2-րդ Կորնթացիներին 13։5-6. «Փորձեցե՛ք ձեր անձերը, թե արդյոք հավատքո՞ւմ եք։ Քննեցե՛ք ձեր անձերը»։

Կլինեն ժամանակներ, երբ գուցե զգաք, որ բիզնեսի թոհուբոհի մեջ ձեր հավատքը թուլացել է։ Հնարավոր է, հափշտակված լինելով արծաթասիրության և շահավաճառության մոլուցքով, մարդը հեռանա հավատքից։ Դա միանգամից չի լինում, այն հետզհետե առաջացող վիճակ է։ Դրա համար Աստծո Խոսքը հորդորում է մեզ պարբերաբար փորձել և քննել մեր հավատքը։ Շատ կարևոր է հարցնեք ինքներդ ձեզ. «Խաղաղությո՞ւն ունեմ արդյոք։ Եկեղեցուց արդյոք չե՞մ կտրվում։ Հավատարի՞մ եմ տասանորդի և զոհաբերությունների մեջ»։

  1. Մատթեոս 6:14-15. «Որովհետև եթե դուք մարդկանց նրանց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք չեք թողնի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները»։

Բիզնեսի մեջ հաճախ են պատահում դավաճանություններ, խաբեություններ ու խարդախություններ։ Հնարավոր է՝ դուք տուժել եք ձեր գոծընկերների անազնիվ պահվածքից։ Բիզնեսի մեջ անգամ անհրաժեշտ է հաշվի առնել ներման կարևորությունը։ Ձեր բիզնեսը երբեք հաջողություն չի ունենա, եթե այն հիմնված է վիրավորանքի, չարության և շարունակական մեղադրանքների վրա։ Հաջողություն կգտնի այն մարդը, ով ներել գիտի։

  1. Եսայա 45:2. «Ես պիտի գնամ քո առաջից և խորտուբորտ տեղերը պիտի հարթեցնեմ, պղնձե դռները պիտի փշրեմ և երկաթե նիգերը պիտի կտրատեմ»։

Բիզնեսի մեջ այսօր շատերն են ջանում մեծ հովանավոր գտնել, որ իրենց առաջ կհարթեցնի խնդիրներն ու դռներ կբացի։ Սակայն շատերն են հիասթափվել ու հուսահատվել, երբ իրենց հույսը մարդու վրա են դրել։ Բիզնեսի մեջ կարևոր է, որ Աստված գնա մեր առաջից, այսինքն առջևում Նա լին, Նրա կամքն ու որոշումը գերակա լինեն, այդ ժամանկ դժվարությունները կհարթեցվեն, դռները կբացվեն և կապանքները կքանդվեն։

  1. Հեսու 1:9. «Ահա քեզ պատվիրում եմ՝ զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»։

Բիզնեսի մեջ շատ են ռիսկերն ու վախերը, անհանգստություններն ու տագնապները։ Հաճախ գործարարներն անցնում են մեծագույն ճնշումների միջով։ Սակայն չվեխանելու և քաջ լինելու պատճառն այն բանում է, որ մեր Տեր Աստվածը մեզ հետ է։

  1. Մարկոս 5:36. «Մի՛ վախեցիր, բայց միայն հավատա»։

Կլինեն ժամանակներ, երբ դուք միակ անձը կլինեք, ով կհավատա ձեր բիզնեսի հաջողությանը։ Նայելով տնտեսական ներկա վիճակին, մենք պետք է վախենանք, սակայն, նայելով Հիսուսին, մենք պետք է հավատանք, որ Նրանով հաջողություն կունենանք։

  1. 1-ին Պետրոս 5:8. «Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պեսման է գալիս և որոնում է, թե ում կուլ տա»։

Ցանկացած գործարար պետք է արթուն լինի իր հավատքի և իր գործի մեջ։ Հնարավոր է լինեն ծանր ժամանակներ, երբ գործարարը զգա, թե ինչպես է կուլ գնում տարբեր բաներին։ Հնարավոր է, որ սատանան փորձի նրան ներքաշել գայթակղիչ գործարքների և ամբարիշտ մարդկանց միջոցով կուլ տալ բարեպաշտ մարդու գործը։ Հավատացյալ գործարարը պետք է արթուն լինի և մշտապես փնտրի Սուրբ Հոգու առաջնորդությունը։

  1. 3-րդ Հովհաննես 1։2. «Սիրելի՛, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է»։

Պարզվում է, որ մեր արտաքին հաջողությունն անմիջական կապ ունի մեր ներքին վիճակի հետ։ Եթե մենք հոգով հաջող, առողջ և սուրբ վիճակում լինենք, ապա մեր բիզնեսն ու գործերն էլ նման վիճակում կհայտնվեն։ Ցանկացած բիզնեսմեն պետք է ուշադիր լինի, որ իր հոգին, մտածելակերպը, վերաբերմունքը առողջ լիեն։

  1. Առակաց 2:6-8. «Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, Նրա բերանիցն է գիտությունն ու հանճարը։ Նա ուղիղների համար հաջողություն է պահում, Նա վահան է անարատությամբ գնացողների համար»։

Մեր բիզնեսի մեջ մենք նորարարությունների, իմաստության և հանճարի կարիք ունենք։ Մենք պետք է վստահենք և բաց լինենք, որ Տերը փոխանցի մեր մեջ իր հանճարն ու հաջողությունը։

Մատթեոս 6:21. «Որովհետ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»։

Երբ մի հայտնի քրիստոնյա միլիոնատեր բիզնեսմենի հարցնում են, թե որն է եղել նրա ամենամեծ ներդրումը, նա պատասխանում է. «Իմ մեծագույն ներդրումը եղել է Ավետարանի և եկեղեցու մեջ ներդնելը։ Հիսուսն Ինքը խոստացավ, որ նման գործ անողը հարյուրապատիկ արդյունք կունենա»։ Եթե մեր գանձը դնենք Տիրոջ գործի համար, ապա մեր սրտերն էլ կլինեն դրա մեջ։ Տարիներ առաջ Խորհրդային Միության ժողովուրդներն իրենց գանձերը հավաքում էին «Խնայբանկում», սակայն մի քանի օրերի ընթացքում նրանց գանձերը ժանգոտվեցին և թալանվեցին։ Նրանք կորցրեցին իրենց ողջ կյանքի խնայողությունները։

Վերջիվերջո, ո՞ւմ պետք կգան այն խնայողությունները, եթե մենք բանկում խոշոր գումարներ ունենանք, դրանք չգործածենք և Տեր Հիսուսը գա։ Այդ ժամանակ մենք կափսոսանք կորցրած հնարավորությունների համար։

Կցանկանամ ձեզ մի աղոթքի մեջ առաջնորդել, որն ինձ անձնապես շատ է օգնել։ Կարող ենք կրկնել միասին. «Տե՛ր, ես աղոթում եմ, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինեմ և ճիշտ մարդկանց հետ ճիշտ գործն անեմ»։

Աստված օրհնի ձեր բոլոր ձեռնարկումները և ձեր կյանքը։

Վազգեն Զոհրաբյան

Տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն