ԱՍՏՎԱ՞Ծ, ԹԵ՞ ՄԱՄՈՆԱՆ

Դերեկ Պրինս

«Աստծո ծրագիրը ձեր ֆինանսների համար» գրքից

Difficult decisionՄենք կարիք ունենք հասկանալ, որ փողի հանդեպ մեր սեփական վերաբերմունքը շատ կարևոր է: Սա կարելի է ձևակերպել հետևյալ սահմանումով. «Փողի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքը իրականում ցույց է տալիս Աստծո հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքը»:

Ցանկանում եմ մեջբերել ձեզ համար Հիսուսի խոսքերն այս բանի վերաբերյալ: Լեռան քարոզում Հիսուսը հետևյալն է ասում.

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի: Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային»:

Մատթեոս 6:24

Առաջին հերթին եկե՛ք նայենք «մամոնա» բառի իմաստը: Ժամանակակից թարգմանություններից մեկում ասվում է. «Չե՛ք կարող ծառայել Աստծուն և փողին», սակայն սա ամբողջությամբ չի արտահայտում ասվածի իմաստը, որովհետև մամոնան ավելին է, քան փողը: Մամոնան հոգևոր չար ուժ է, որն ազդում է մարդկանց վրա և փողի միջոցով գերում նրանց: Մամոնան ինքնին փող չէ, այլ հոգևոր մի ուժ, որը գործում է աշխարհում և միլիոնավոր մարդկանց կյանքում՝ փողերի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի միջոցով:

Հիսուսն ասում է, որ ոչ ոք չի կարող ծառայել Աստծուն և մամոնային: Այնուհետև նա շարունակում է. «… որովհետև կա՛մ մեկին կատի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի»: Այս դեպքում Հիսուսն առաջինը խոսում է Աստծո, իսկ հետո մամոնայի մասին: Կա՛մ դուք կատեք Աստծուն և կսիրեք մամոնային, կա՛մ էլ կկառչեք Աստծուց և կատեք մամոնային: Սա բավականին լուրջ միտք է: Եթե սիրում եք մամոնային, ատում եք Աստծուն: Մյուս կողմից, եթե կառչեք Աստծուց և ձեր կյանքը նվիրեք Նրան, կատեք մամոնային: Այս վերաբերմունքով դուք ոչ թե ատում եք փողը, այլ ատում եք այն սատանայական ուժը, որը գերում է տղամարդկանց և կանանց փողի միջոցով: Դուք կգարշեք դրանից և թույլ չեք տա, որ այն իշխի ձեզ վրա: Այս առումով դուք չեք կարող չեզոք մնալ: Մենք պետք է ընդունենք մեկի կամ մյուսի հավակնությունը մեր կյանքի հանդեպ: Դա ընտրություն չէ՝ կծառայեն՞ք, թե՞ ոչ: Դա որոշում է, թե ում պետք է ծառայել` Աստծու՞ն, թե՞ մամոնային: Հիսուսն ասում է, որ սա առաջնհերթության հարց է.

«Սակայն նախ Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը փնտրե՛ք, և այս բոլորը կտրվի ձեզ»:

Մատթեոս 6:33

FinancesՀիսուսը չի ասում, որ մենք պետք է լինենք առանց այս բաների, բայց նա ասում է, որ դրանք չպետք է առաջին տեղում լինեն: Մեր կյանքում առաջին տեղում մենք նախևառաջ պետք է տեղ տանք Աստծո արքայությանը և Նրա արդարությանը: Դա նշանակում է, որ մենք պետք է նվիրված լինենք Աստծուն, Նրա արքայությանը և Նրա նպատակներին: Հիսուսն ասում է, որ եթե մենք չվազենք մամոնայի հետևից և այն մեր աստվածը չդարձնենք, այլ ծառայենք միակ ճշմարիտ Աստծուն, անդադար փնտրենք Նրա արքայությունն ու արդարությունը, ապա Աստված կօրհնի մեզ ամեն նյութական և ‎ֆինանսական օրհնություններով:

Փողին հետևելը ահավոր զբաղմունք է և տանում է հուսալքվածության: Մի՛ հետապնդեք փողը: Սա այն է, ինչ Հիսուսն է ասում: Թույլ տվե՛ք, որ փողերը ձեզ հետապնդեն: Եթե դուք ձեր կյանքում ճիշտ ուղու վրա եք, ապա փողերը կհետևեն ձեզ: Պետք չէ գիշերներն արթնանալ և հարուստ լինելու ծրագրեր մշակել: Ես հետևել եմ այս սկզբունքին ավելի քան հիսուն տարի և Աստծո շնորհքով ես կարող եմ հաստատել, որ Աստված հավատարիմ է: Երբեմն իմ հավատքը փորձվել է: Երբեմն ես ստիպված եմ եղել մերժել բաներ, որոնք բարձր են գնահատվում և հարգվում այս աշխարհում: Սակայն ետ նայելով` ես պետք է ասեմ, որ Աստված ամբողջովին հավատարիմ է եղել:

Աստծուն առաջին տեղը տալու սկզբունքը ձգվում է ամբողջ Աստվածաշնչով մեկ: Առակաց գրքի երրորդ գլխում մենք երկու հրաշալիհամարներ ենք գտնում, որոնք նույն բանն են ասում.

«Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքից և քո բոլոր բերքերի երախայրիներից: Այն ժամանակ կլցվեն քո շտեմարանները առատությունով և քո հնձանները պիտի զեղանան նոր գինիով»:

Առակաց 3:9-10

old-bible-money«Շտեմարաններն» ու «հնձանները» ձեր նյութական կարիքներն են: Դրանք առատորեն կմատակարարվեն և կառատանան, երբ դուք պատվեք Աստծուն ձեր ստացվածքից: Ձեր ստացվածքից Աստծուն պատվելու ճանապարհը Իրեն երախայրին տալն է: Սա նշանակում է Աստծո համար առանձնացնել առաջին կամ լավագույն բաժինը: Մենք մեր փողերով կա՛մ պատվում, կա՛մ էլ անարգում ենք Աստծուն: Չկա չեզոք մի դիրք: Թույլ տվե՛ք սիրով ասել, որ Աստված ձեր թեյափողի կարիքը չունի: Երբ եկեղեցում զոհաբերության ամանը մոտենում է ձեզ, մի՛ նետեք այնտեղ ձեր քառորդ գումարը: Դա վիրավորում է Աստծուն: Իրականում այսօր մարդկանց մեծ մասն այնպես է զոհաբերում, որ դա վիրավորում է Նրան: Աստծուն տալ այնքան, որքան դուք կվճարեիք ձեր մեքենայի կայանատեղի համար, վիրավորական է: Նրա հետ նման կերպ մի՛ վարվեք, քանի որ դա վիրավորում և անարգում է Նրան:

Նույն կերպ Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ փողերն Աստծուց բարձր դասելը կռապաշտություն է:

«Ուրեմն սպանե՛ք ձեր անդամները, որ երկրի վրա են՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է»:

Կողոսացիներին 3:5

Նկատե՛ք, որ Պողոսն ասում է` ագահությունը կռապաշտություն է: Երբ առաջինը փողն եք ման գալիս, ապա այն դարձնում եք ձեր աստվածը, ինչն իրավացիորեն կոչվում է կռապաշտություն: Տերն ասաց Իսրայելին. «Ուրիշ աստվածներ չունենա՛ս Իմ առաջ» (2-րդ Օրինաց 5:7): Մեր ժամանակակից մշակույթում բազմաթիվ մարդիկ Աստծո փոխարեն փողն են իրենց աստված դարձրել: Նրանք մեղավոր են կռապաշտության մեջ:

BLOG-bible-hand_w_walletՆկատե՛ք, որ Պողոսը ագահությունը կողք կողքի է դնում այնպիսի վատ արարքների հետ, ինչպիսիք են պոռնկությունն ու պղծությունը: Եկեղեցիների մեծ մասը չեն ընդունում այնպիսի մարդկանց, ովքեր ապրում են պոռնկության մեջ (սեռական անմաքրություն), սակայն պետք է անկեղծ ասել, որ մեր եկեղեցիները լի են այնպիսի մարդկանցով, ովքեր մեղավոր են ագահության և կռապաշտության մեջ:

Մեկ այլ տեղ` 1-ին Տիմոթեոս 6:9-11-ը զգուշացնում է փողն աստված դարձնելու և հարուստ լինելու փափագի դեմ.

«Իսկ նրանք, ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և շատ անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որ ընկղմվում են մարդկանց կործանումի և կորստյան մեջ (տեսե՛ք, թե ինչպիսի ավարտ է` կործանում և կորուստ): Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է (ոչ թե փողն է չարիքի արմատը, այլ` արծաթասիրությունը), որին մի քանիսն անձնատուր լինելով` հավատից մոլորվեցին ու իրենց անձերը շատ ցավերով խոցեցին (իսկ որտե՞ղ է ելքը կամ այլընտրանքը): Բայց դու, ո՛վ Աստծո մարդ, սրանցից փախի՛ր (ագահությունից, արծաթասիրությունից, նյութապաշտությունից) և հետևի՛ր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության, հեզության»:

Մեր կյանքում վակուում չկա: Եթե մենք ցանկանում ենք մաքուր լինել փողասիրությունից, ապա պետք է հետևել մեկ այլ բանի: Մի այլ բան պետք է գրավի դրա տեղը: Պողոսն ասում է. «…հետևի՛ր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության, հեզության»: Հավատն անհրաժեշտ է ձեր կյանքում՝ մամոնայի հսկողությունը կոտրելու համար: Ինչ-որ մի պահ դուք պետք է մի բան անեք՝ ձեզ մամոնայի իշխանությունից ազատելու համար: Ետ նայելով իմ կյանքում եղած նման պահին` ես հիշում եմ, թե ինչպես Տիրոջ գործին նվիրեցի իմ ‎ֆինանսական և նյութական ունեցվածքը: Ես թողեցի բավականին հեղինակավոր և լավ վարձատրվող իմ աշխատանքը՝ խոստումնալից ապագայով, և մերկ հավատով քայլ կատարեցի՝ կառչած չլինելով որևէ բանից, բացի Աստծո խոստումներից: Երբ նման կերպ վարվեցի, իմ կյանքի վրայից մամոնայի իշխանությունը կոտրվեց: Ես հրաժարվեցի մամոնայի ծառան լինելուց: