Գրքի առաջին հրատարակպման շապիկը

Երբ 2011 թվականին տպագրեցինք «Ամեն օր Աստծո հետ» գիրքը, համոզված էինք, որ այն մեծ օրհնություն կլիներ և կբերեր հազարավոր հայ ընթերցողներին։ Սակայն մեր երևակայությունը չէր հերիքում պատկերացնելու, թե որքան մեծ կլիներ մարդկանց արձագանքը և որքան պահանջված գիրք կլիներ այն։ Շատ կարճ ժամանակում այն սպառվեց և հանգրվանեց հազարավոր հավատացյալների ձեռքերում՝ դառնալով շատերի սեղանի ամենօրյա գիրքը։ Վերջերս նամակ ստացանք մի երիտասարդի կողմից, որը գրում էր, թե որքան է այս գիրքն իրեն օգնել իր ամենօրյա աստվածպաշտության մեջ։ Եվ իրոք, գրքի թեմաները և ամենօրյա հռչակումներն ու աղոթքները խթանում են յուրաքանչյուր հավատացյալին՝ ամենօրյա աստվածպաշտության մեջ։

Գիրքը լի է բացահայտումներով։ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը լուսաբանում և շոշափում է այնպիսի թեմաներ, որոնք ամրապնդում են ընթերցողի հավատն ու աստվածճանաչողությունը։

Գրքի նոր շապիկը

Գրքի մի մասը ձայնագրվեց և հասանելի է մեր ծառայության կայքում։ Ապագայում ծրագրում ենք այն բոլորովին նոր ձևաչափով հասանելի դարձնել մեր ընթերցողներին։

Այնուամենայնիվ, արագ սպառման պատճառով շատերը չկարողացան ձեռք բերել այն։ Տարիների ընթացքում մենք բազում խնդրանքներ ենք ստացել հայախոս մեր ընթերցողներից՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ, վերստին տպագրելու այդ գիրքը։ Եվ, վերջիվերջո, «Դերեկ Պրինսի ծառայության» թիմն իր ջանքը ներդրեց և լծվեց այդ գործին։ Մենք վերանայեցինք տեքստը, կատարեցինք որոշ փոփոխություններ և շտկումներ, սրբագրեցինք և խմբագրեցինք և նորովի ներկայացրեցինք հայ ընթերցողին։

Ամենաոգևորիչն այս գրքում այն է, որ ընթերցողը միանում է աշխարհով մեկ սփռված միլիոնավոր քրիստոնյաներին՝ կարդալով նույն գիրքը, հայտարարելով նույն հռչակումները, աղոթելով նույն աղոթքները ճիշտ նույն օրը և գուցե՝ միաժամանակ։ Մի պահ պատկերացրեք, թե դա որքան հզոր կարող է լինել։ Միաբան այս գործողությունը հոգևոր դրական այնպիսի մեծ ազդեցություն կարող է ունենալ, ինչպիսին  մենք անգամ չենք էլ կարող պատկերացնել։

Գիրքը նաև հրաշալի նվեր է մեր հարազատների համար, քանի որ կիրառելի է և օգտակար՝ հոգևոր կենսական հարցերի համար։

Դերեկ Պրինսի առանձնահատկությունն այն էր, որ  նա աղոթքի մարդ էր, և միաժամանակ նրա ուսուցումները խիստ գործնական և արդյունավետ էին։ Նրա բոլոր գրքերն ու ուսուցումներն առանձնանում են եկեղեցու մեջ և քրիստոնյայի կյանքում իրենց ունեցած մեծ ներդրումով և օգտակարությամբ։

Գիրքը կարող եք հարցնել Երևանի գրախանութներում՝ մասնավորապես «Բուկինիստ» գրախանութներում՝ Մաշտոցի 20, Տաշիր սթրիթ, Հյուսիսային պողոտա 6/2 և Մետրոնոմ՝ Իսահակյան 22/10֊ում։

Մաղթում ենք հաճելի աղոթքաընթերցում։

Վազգեն Զոհրաբյան

Տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն