Թշնամին ներսից. այն մասին, թե ինչն է պառակտում եկեղեցին

Որոշ աստվածաբաններ ասել են, որ 1-ին Կորնթացիներին 3:3-ում Պողոսը կորնթացիներին մարմնավոր է կոչում, որովհետև նրանք չափազանց շատ էին խոսում լեզուներով: Այնուամենայնիվ, խնդիրը Կորնթոսում լեզուներով խոսելը չէր, այլ սխալ վերաբերմունքներն ու հարաբերությունները, որոնք մարմնավորության էին բերել, այսինքն՝ մարմնի գործերի: Ո՞րն է մարմնավորության նշանը:

«Որտեղի՞ց ձեր մեջ նախանձներ, կռիվներ և բաժանումներ կան. չէ՞ որ մարմնավոր եք և մարդկորեն եք վարվում։ Որովհետև երբ որ մեկն ասի, «Ես Պողոսյան եմ», և մյուսը՝ «Ես Ապողոսյան», չէ՞ որ մարմնավոր եք»։

1-ին Կորնթացիներին 3:3-4

Աստվածաբանությունը չէ, որ բաժանում է եկեղեցին։ Մարդիկ կարող են շատ մարմնավոր կերպով գործածել աստվածաբանությունը, բայց խնդրի արմատը մարմնավորությունն է և ոչ թե աստվածաբանությունը։ Մարմնավորությունը բաժանում է առաջացնում մարդկային առաջնորդներին հետևելու արդյունքում։ Մեկն ասում է՝ «Ես Լյութերի հետևորդ եմ», մյուսն ասում է՝ «Ես Կալվինի հետևորդ եմ», մեկ ուրիշն էլ՝ «Ես Վեսլիի հետևորդ եմ»։ Դուք կարող եք ընդունել այդ մարդկանց ուսուցումները և գոհանալ Աստծուց դրանց համար։ Բայց այս կամ այն առաջնորդի հետևորդ դառնալը խոսում է ձեր մարմնավորության մասին։

Սրա, ինչպես նաև ամեն տեսակ այլ մարմնավորության համար միայն մեկ լուծում կա՝ խաչը։ Այնտեղ, որտեղ մարդիկ չեն կամենում իրենց կյանքը հնազանդեցնել խաչին, կլինեն բաժանումներ, վեճեր, թշնամություններ, նախանձ և հպարտություն։

Բայց թույլ տվեք այստեղ մի բան ասել, որը հույս ունեմ կօգնի ձեզ, որպեսզի ձեզ մոտ այսպիսի տպավորություն չստեղծվի. «Ես չեմ համապատասխանում չափանիշներին։ Ես չեմ հասել այն կետին, որ դուք նկարագրում եք»։ Խաղաղվե՛ք։ Աստված չէր էլ սպասում, որ դուք պետք է հասած լինեիք։ Նա հույս ունի, որ դուք ճանապարհին եք։ Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրս մեր ներսում Աստծու թշնամի ունենք։ Մեր՝ քրիստոնյաների պայքարների և դժվարությունների մեծ մասն այս թշնամու պատճառով է։

Եթե դուք ապրել եք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ապա ծանոթ կլինեք հինգերորդ շարասյան գաղափարին։ Այս արտահայտությունը առաջ է եկել 1930-ականներին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ իսպանացիներն իրար դեմ էին կռվում Իսպանիայի ներսում։ Երբ իսպանացի մի գեներալ 1936-ին շրջապատում է Մադրիդը, մեկ ուրիշ գեներալ նրա մոտ է գալիս և հարցնում. «Ո՞րն է քաղաքը գրավելու քո ծրագիրը»։
«Ես չորս շարասյուն ունեմ, որոնք պաշարել են քաղաքը,- պատասխանում է նա,- մեկը՝ հյուսիսից, մեկն՝ արևելքից, մեկը՝ հարավից, մեկն՝ արևմուտքից»։ Այնուհետև նա մի պահ դադար է տալիս և ավելացնում. «Բայց իմ հինգերորդ շարասյունն է, որ, հույս ունեմ, կվերցնի քաղաքն ինձ համար»։
«Որտե՞ղ է քո հինգերորդ շարասյունը»,- հարցնում է երկրորդ գեներալը։
«Քաղաքի ներսում»,- հնչում է պատասխանը։
Սա է մեր խնդիրը։

Եկեղեցին երբեք դրսից չի պարտվում։ Եկեղեցին անպարտելի է, քանի դեռ չկա հինգերորդ շարասյունը՝ թշնամին ներսից։

Դերեկ Պրինս
«Փրկագնված արյամբ»/Հարցրե՛ք Երևանի «Բուկինիստ» գրախանութներում