Մի քանի տարի առաջ ես մի քրիստոնյա գործընկերոջ հետ էի Սինգապուրում։ Խոսակցության ընթացքում նա նշեց. «Եկեղեցին այնքան բան ունի իր «ցուցասրահում», որ խաչն այլևս չի նկատվում»։

Ես գիտակցեցի, որ իմ ընկերը մատը դրեց ժամանակակից եկեղեցու ամենացավոտ տեղի վրա։ Այսօր դուք կարող եք քրիստոնեական գրախանութ գնալ և համարյա ցանկացած թեմայով գիրք կգտնեք՝ Ինչպես ունենալ ավելի լավ ամուսնություն, Ինչպես աստվածապաշտ երեխաներ մեծացնել, Ինչպես հասկանալ սեփական անհատականությունը, Ինչպես ավելի լավ պահել տունը։ Եվ սրան համարյա վերջ չկա։ Այս գրքերից շատերն արժեքավոր են, բայց որևէ մեկն առանց խաչի արդյունավետ չի լինի։ Խաչն է միակ աղբյուրն այն շնորհի և զորության, որոնցով մյուս բոլոր լավ խորհուրդներն ի գործ են դրվում։ Ժամանակն է, որ եկեղեցին խաչը վերադարձնի և դնի իր «ցուցասրահի կենտրոնում»։

Աստված հրեաներին նախքան խոստացյալ երկիր մտնելն ասաց, որ երբ նրանք զոհասեղան կառուցեին, ոչ մի ուրիշ առարկա չպետք է դնեին դրա շրջակայքում։

Ելից 20։24-25-ում Աստված հրեաներին հատուկ հրահանգներ տվեց այն զոհասեղանի վերաբերյալ, որի վրա պետք է զոհերը մատուցվեին.

«Ինձ համար հողի սեղան շինիր… Եթե ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե նրա վրա գործիքդ բարձրացրիր, կպղծես նրան»:

Նրանց զոհասեղանը պետք է պատրաստվեր միայն բնական նյութերից՝ մարդու կողմից որևէ կերպ չձևափոխված հողից կամ չտաշված քարից։ Մարդու ձեռքով ավելացված ցանկացած բան կպղծեր այն։

Ավելի ուշ՝ 2֊րդ Օրինաց 16։21-ում, Տերը զգուշացրեց իր ժողովրդին.

«Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար»:

Ոչինչ չպետք է լիներ, որ հրեաների ուշադրությունը շեղեր զոհասեղանից, որի վրա նրանք իրենց պատարագները պիտի մատուցեին: Մարդկային հմտության և հնարագիտության որևէ տեղ չկար, որ կշեղեր նրանց ուշադրությունն անմշակ, անշուք զոհասեղանի պարզությունից: Սա մեզ համար նույնպես դաս է: Մենք չպետք է խաչը որևէ այլ բանով շրջապատենք: Մենք չպետք է խաչի վրա կամ նրա դիմաց ուրիշ որևէ բան դնենք, որն ինչ-որ կերպ կխամրեցնի այն: Խաչն անհրապույր է, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսի խաչելության տեսարանն էր անհրապույր և սարսափելի:

Ես կասկածում եմ, որ որևէ մարդկային արվեստագետ երբևէ պատշաճ կերպով պատկերել է այն, ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա: Եթե որևէ մեկին հաջողվեր, ապա մենք կփակեինք մեր աչքերը: Այդուհանդերձ, խաչը մեր հավատքի կենտրոնում է, բացառիկ՝ քրիստոնեության մեջ: Ոչ մի ուրիշ կրոնական համակարգ՝ ո՛չ իսլամը, ո՛չ բուդդիզմը, ո՛չ հինդուիզմը, ո՛չ էլ անհամար պաշտամունքներից որևէ մեկը, որևէ բան չունի, որը համապատասխանի կամ գոնե մի փոքր նման լինի խաչին:

Ավելին, խաչը քրիստոնեական հավատն ամուր խարսխում է պատմությանը: Ի հակակշիռ սրան՝ Մուհամեդն իր «հայտնությունը» ստացել է մի անհայտ քարանձավում, որը կապված չէ որևէ մասնավոր իրավիճակի կամ իրադարձությունների շղթայի հետ: Ընդհանուր առմամբ փիլիսոփաներն իրենց տեսանկյունից վերացական են մտածում: Բայց խաչի պատգամը կապված է մարդկային պատմության առանձնահատուկ դիպվածի հետ: Այն կա՛մ տեղի է ունեցել, կա՛մ ոչ: Այն կա՛մ ճիշտ է, կա՛մ սխալ: Երրորդ տարբերակ չկա: Եթե այն ճիշտ է, ապա դա մարդկային պատմության կարևորագույն իրադարձությունն է:

Երբ ես շատ տասնամյակներ առաջ բախվեցի Ավետարանի առանցքային փաստերին և այնուհետև բացահայտեցի, որ Հիսուսը մինչև այսօր՝ քսանմեկերորդ դարում, ողջ է, ես եզրակացրի, որ այն փաստը, որ մի Մարդ մահացել և մեռելներից հարություն է առել և մինչև այսօր կենդանի է, մարդկության պատմության կարևորագույն և եզակի իրադարձությունն է: Ուրիշ ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ:

Եթե մենք խաչին իր օրինական տեղը չենք հատկացնում մեր կյանքի կենտրոնում, ապա մեր հավատքը կորցնում է իր իմաստն ու զորությունը: Մենք ի վերջո կմնանք կա՛մ բարոյական գաղափարների անօգուտ մի ցուցակով, կա՛մ էլ վարքագծի նորմերով, որոնց մենք չենք կարողանա հասնել: Ոչ ոք երբեք չի ապրի Լեռան քարոզը, եթե չունի խաչի զորությունն իր կյանքում:

Ես մի քանի տարի աղոթել եմ, որ Աստված հնարավոր դարձնի Եկեղեցու համար խաչը վերականգնել իր օրինական տեղում:

«Փրկագնված արյամբ»/Պատրաստվում է հրատարակման

Դերեկ Պրինս