Հառելով մեր աչքերը Հիսուսի վրա

(հատված «Հպարտությունն ընդդեմ խոնարհության» գրքից)

Խոնարհության և խոցելիության հետ կապված այս զարմանալի սկզբունքն ինձ հիշեցնում է վաղ ժամանակների ավետարանիչ Դուայթ Լ. Մուդիի խոսքերից մեկը:

«Ես երկար ժամանակ մտածում էի, որ Աստծու պարգևները մեկը մյուսի վերևում դրված դարակների մեջ էին, և որքան բարձրանում է մեր քրիստոնեական բնավորությունը, անքան հեշտությամբ ենք մենք հասնում դրանց: Հիմա ես հասկանում եմ, որ Աստծու պարգևները ներքևում դրված դարակների մեջ են: Հարցն ավելի բարձր ձգվելու մեջ չէ, այլ ավելի ցած իջնելու: Մենք պետք է ցած իջնենք, միշտ ավելի ներքև գնանք, որպեսզի ձեռք բերենք նրա լավագույն պարգևները»:

Մեր կյանքում հպարտության և խոնարհության միջև պայքարում հաղթության հասնելու գաղտնիքը միշտ մեր աչքերը հենց Իր՝ Հիսուսի վրա հառելն է: Մենք պետք է հիշենք, որ Նա է օրինակը, այն մեկը, որի մոտ այս սկզբունքը կատարյալ ձևով է գործել: Եբրայեցիներին 12:2-ն ասում է.

«Մտիկ տանք հավատի զորագլխին և կատարողին՝ Հիսուսին, որ Իր առջև դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմը նստեց»:

Հիշե՛ք, որ Հիսուսը ոչ միայն սկիզբ է դրել մեր հավատին, այլև այն մեկն է, ով անցկացնելու է մեզ մինչև վերջ: Ինչո՞ւ ենք մենք մեր աչքերը Նրան ուղղում: Որովհետև Նա է օրինակը: Հիսուսը մեզ ցույց տվեց այն սկզբունքի իրագործումը, որը մենք ուսումնասիրում ենք այս գրքում. վերև տանող ճանապարհը ներքևում է: Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսի համար էր, այնպես էլ մեզ համար է: Գահին տանող ճանապարհը խաչի միջոցով է:

Մեր գործն է հոժարակամորեն ընդունել մեր ամբողջ ամբարտավանության, ինքնավստահության, մարմնավոր ձգտումների և ինքներս մեզնանից ինչ-որ բան ներկայացնելու հավակնությունների մահը: Երբ մենք թույլ տանք, որ մեր ամբողջ եսակենտրոն էությունը մեռնի խաչի վրա, որն Աստծու կողմից ապահովված է, այդ ժամանակ գահին տանող ճանապարհը մեզ համար կբացվի: Այսպիսով, «եկեք Հիսուսին նայենք՝ մեր հավատքի առաջնորդին և կատարողին»: