ՀՈՒԼԻՍԻ 28. «ԱՐՅԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ»

Ես սուրբ եմ

Հիսուսը թափեց Իր արյունը, որպեսզի փրկագնի մեզ, սրբացնի ու առանձնացնի Աստծո համար և մեզ սուրբ դարձնի։ Հնարավոր է ապրել մի վայրում, որտեղ մեղքն ու սատանան չեն կարող դիպչել մեզ, մի վայր, որտեղ մենք պաշտպանված ու սրբացած ենք Հիսուսի արյամբ։

1-ին Հովհաննես 1:7-ում կարդում ենք. «Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես որ Նա է լույսի մեջ, ուրեմն հաղորդություն ունենք Նրա հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից»։ Այստեղ ներկա ժամանակը ցույց է տալիս շարունակական գործողություն։ Եթե շարունակ լույսի մեջ ման գանք, ապա շարունակական հաղորդություն ունենք, և Հիսուսի արյունը մեզ շարունակ մաքուր կպահի։ Մենք մաքուր ու անաղարտ ենք մնում. մենք չենք ապրում այս չար աշխարհի նողկալի պղծության մեջ։ Մենք Հիսուսի արյամբ առանձնացված ենք Աստծո համար և սրբացած։

Գործնական բանալին սրբացման վայրն է՝ զոհասեղանը։ Հին Կտակարանում մինչև զոհասեղանի վրա դրվելը զոհն ընդամենը սպավնած կենդանու մարմին էր։ Բայց երբ զոհը զոհասեղանի վրա էր դրվում և կապվում, այն դառնում էր սուրբ, առանձնացված Աստծո համար։ Սա նույնքան ճշմարիտ է նաև նորկտակարանյան հավատացյալի համար։ Պողոսն ասաց. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է» (Հռոմեացիներին 12:1)։ Հին և Նոր Կտակարանների զոհերի միջև եղած միակ տարբերությունն այն է, որ մեր մարմինները կենդանի են մնում՝ կենդանի զոհ, երբ դրանք դնում ենք զոհասեղանի վրա։ Սրբացման սկզբունքը նույնն է մնում։ Մեր մտքի և շարժառիթների ներքին փոփոխություն չի կարող լինել մինչև այն ժամանակ, երբ հրաժարվենք բոլոր իրավունքներից, որ ունենք մեր սեփական մարմնի վրա, և այն առանց վերապահումի դնենք Աստծո զոհասեղանի վրա՝ գործածվելու Աստծո կամեցածի պես։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Հռչակում եմ, որ ես պաշտպանված եմ, առանձնացված, սրբացած Հիսուսի արյամբ։ Ես իմ մարմինը որպես կենդանի զոհ եմ ներկայացնում, քանի որ սուրբ եմ։ Ամեն։