ՄԱՅԻՍԻ 28. «ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ»

Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

Այն բանից հետո, երբ Պետրոսն իր սուրը գործածեց ի պաշտպանույթւուն Հիսուսի, որպեսզի նա չձերբակալվի Գեթսեմանի պարտեզում, Հիսուսն ասաց. «Սուրդ դի՛ր պատյանի մեջ։ Այն բաժակը, որ իմ Հայրը տվեց ինձ, ես այն չխմե՞մ» (Հովհաննես 18:11)։ Հիսուսը մինչև վերջ խմեց այդ բաժակը։ Գիտե՞ք՝ Հիսուսի գործը խաչով չավարտվեց։ Իրականում ամենադառը մրուրը ֆիզիկական մահից հետո եկավ։ Հիսուսն ամեն առումով քամեց այդ բաժակը։ Առաջինը հոգևոր մահն էր, երկրորդը՝ ֆիզիկական մահը, և երրորդը՝ Աստծուց հոգևորապես վտարումը։

Հիսուսը ճաշակեց մահն ամեն մեկի համար, որպեսզի մենք կյանք ունենանք։ Եվ մենք կյանք ունենք այն երեք ասպեկտներում, որոնց տուգանքը Հիսուսը վճարեց։ Զուգահեռը ճշգրիտ է տարված։

Նախ և առաջ մենք հոգևոր կյանք ունենք. Հիսուս Քրսոտոսի հավատքի միջոցով մենք Աստծո հետ միության և հաղորդության մեջ ենք մտել հենց հիմա՝ այս կյանքում։ Հիսուսը միացավ Տիրոջը. Նա ապրեց Հոր կյանքով։ Նա ասաց. «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10:30): Դա այդպես էր, մինչև որ մեր անօրինություններն իր վրա վերցրեց և զատվեց Հորից։ Նա կտրվեց, որպեսզի մենք միանանք։ Հիսուսի մեջ ունեցած հավատքով ես և դու կարող ենք Հոգով միանալ Աստծուն և այս կյանքում քայլել Աստծո հետ մեկ միության մեջ։ Սա է ավետարանի վերջնական նպատակը։

1-ին Հովհաննես 1:3-ն ասում է. «Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ, և մեր հաղորդությունը՝ Հոր հետ և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ»։ Հիսուսը կորցրեց հաղորդությունը, որպեսզի մենք մտնենք հաղորդության մեջ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը ճաշակեց մահը, որ ես կյանք ունենամ, նա կտրվեց, որ ես միանամ, նա կորցրեց հաղորդությունը, որ ես մտնեմ հաղորդության մեջ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։