ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22. «ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ»

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Եկե՛ք մի խոսք նայենք, որը խոսում է Քրիստոսի մեջ մեր ունեցած ժատանգության ընդարձակության մասին։ Հռոմեացիներին 8:32-ում կարդում ենք. «(Աստված), որ իր Որդուն էլ (Հիսուսին) չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, էլ ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի»։ Երբ ընդունում ենք Քրիստոսին, Աստված մեզ ամեն ինչ շնորհում է։ Նրանից դուրս մենք ոչինչ չենք ստանում։ Այս խոսքում ուժեղ շեշտադրում կա մեր ժառանգության չափի և դրա բացարձակ ձրի լինելու վրա։ Մենք չենք կարող վաստակել այն։ Մենք այն ստանում ենք որպես մի ձրի պարգև, որը ներառում է ամեն ինչ։ Երբ ընդունում ենք Քրիստոսին, մենք դառնում ենք ամբողջական ժառանգության ժառանգորդներ՝ այն ամենի, ինչ Հայր Աստված ունի, և ինչ Որդի Աստված ունի։

Կորնթացիներին ուղղված առաջին նամակում Պողոսը փորձում է ցույց տալ հավատացյալներին, թե որքան հարուստ են նրանք։ Իրականում նա փոքր-ինչ հանդիմանում է նրանց, որովհետև նրանք վարվում էին այնպես, կարծես աղքատ էին։ Նրանք ժլատ էին, փոքրոգի և միմյանց հանդեպ՝ նախանձ։ Ըստ էության, Պողոսն ասում է. «Ո՛վ մարդիկ, դուք չեք հասկանում, թե ինչ ունեք»։

«Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկայիս բաները, թե՛ գալիք բաները. ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը»։

1-ին Կորնթացիներին 3:21-23

Ինչպիսի՜ ցնցող խոսք։ Ըստ էության, Պողոսն ասում էր. «Ամեն բան ձեզ է պատկանում։ Դադարե՛ք փոքրոգի և թեթևամիտ լինելուց։ Եվ ոչ էլ քարոզիչներից կախվեք։ Այդքան նեղմիտ մի՛ եղեք։ Ամեն բան ձերն է»։ Հիշե՛ք՝ ժառանգության պարգևը ձրիաբար է տրվել մեզ. մենք չենք կարող այն վաստակել։ Սակայն կարևոր է խնդրել Սուրբ Հոգուն, որ նա ընդարձակի մեր հավատքն ու հասկացողությունը։ Սուրբ Հոգին կառավարիչն է, և մինչև նա չխոսի մեզ հետ և չառաջնորդի մեզ ճշմարտության մեջ, այս ամենը պարզապես խոսքեր կլինեն, այլ ոչ թե՝ իրականություն։ Սուրբ Հոգին խոստումները դարձնում է իրական։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Հռչակում եմ, որ, Քրիստոսին ընդունելով, ես ամբողջական ժառանգության ժառանգորդ եմ դարձել։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»։ Ամեն։