ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25. «ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»

Իմ Հայրն է ստեղծել ինձ

Ծննդոց 2:7-ում կարդում ենք մարդու արարումը։ Աստված արարեց մարդուն որպես անձ` Իր հետ անձնական հաղորդակցության համար։ Սա անձնավորություն առ անձնավորություն է հաղորդակցությունն է։ Այն վերացական չէ։ Ոչ թե ինչ-որ առեղծվածային ուժ է գործում տիեզերքում, այլ դա Անձնավորություն է, ով մեկ այլ անձնավորություն է արարում, որպեսզի նրա հետ հաղորդակցություն ունենա։ Ըստ իս, այս ամենը ակնհայտորեն երևան է բերում այն փաստը, որ մարդուն արարելու գլխավոր պատճառն այն էր, որ Աստված վայելի նրա հետ հաղորդակցությունը։

Պատկերացրե՛ք այդ տեսարանը։ Տերը ծնկեց, Իր ձեռքերի մեջ փոշի առավ, խառնեց այն ջրով և վերածեց մարդկային մարմնի։ Սակայն այն անկենդան էր։ Հետո, զարմանահրաշ մի բան կատարվեց։ Արարիչն առաջ թեքվեց, Իր աստվածային շրթունքները դրեց կավե շրթունքների վրա, Իր աստվածային ռունգերը սեղմեց կավե ռունգերին և դրանց մեջ կյանք արտաշնչեց։ Նրա շունչը ներթափանցեց կավե կաղապարի մեջ և փոխակերպեց՝ այն դարձնելով կենդանի մարդկային էակ՝ իր մարմնի կատարելապես գործող բոլոր օրգաններով հանդերձ, ինչպես նաև այն բոլոր զարմանահրաշ հոգևոր, մտային և զգացմունքային արձագանքներով, որին մարդկային էակն ընդունակ է։ Ոչ մի այլ արարած երբևէ այսպես չի ստեղծվել։

Այս հրաշքը նկարագրող խոսքերը հատկանշականորեն վառ են։ Եբրայերենը մի լեզու է, որում որոշակի բառի հնչյունները ուղղակիորեն առնչվում են այդ բառի մատնանշած գործողության հետ։ Եբրայերեն «արտաշնչեց» բառի հնչողությունը կլինի «յիփ-փախ» ։ Այն բաղկացած է մի փոքրիկ ներքին «պայթյունից», որին հաջորդում է կոկորդից օդի ուժեղ, շարունակական արձակումը։ Այսպիսով, այն վառ կերպով ներկայացնում է իր մատնանշած գործողությունը։
Այսպիսով, երբ Տերը կռացավ կավե այդ շրթունքների և ռունգերի վրա, Նա ոչ թե մի թույլ հոգոց հանեց, այլ մի հզոր շունչ արտաշնչեց այդ կավե մարմնի մեջ, որն այդպիսով զարմանահրաշ մասնակցություն ստացավ Աստծո իսկ կյանքին:

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ Տերն ուզում է ինձ հետ հաղորդակցությունը վայելել, ինչպես նաև՝ Նա իր կյանքն արտաշնչեց իմ մեջ։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։