ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. «ՄԵՐ ԽՈՍՔԵՐԻ ՊՏՈՒՂԸ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Ամբողջ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր խոսքերը որոշում են մեր ճակատագիրը։ Ինչպես կարդում ենք Առակաց 18:21-ում. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»։ Լեզուն կա՛մ մահ կբերի մեր կյանքում, եթե սխալ դավանություն անենք, կա՛մ էլ՝ կյանք, եթե ճիշտ դավանություն անենք։ Ինչ էլ որ ասենք մեր լեզվով, կուտենք դրա տված պտուղը։ Այդ ճշմարտությունն ասվեց նաև Հիսուսի խոսքերի մեջ, երբ նա ասաց.

«Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես»:

Մատթեոս 12:36-37

Քրիստոնյաները հաճախ հիմար բաներ են ասում, որոնք պատիվ չեն բերում Աստծուն։ Այնուհետև արդարանում են՝ ասելով. «Իրականում ես դա ի նկատի չունեի»։ Բայց Հիսուսն ասաց. «Ամեն դատարկ խոսքի համար»։ Ասելը, որ դու իրականում դա ի նկատի չունեիր, արդարացում չէ։ Մենք պետք է պինդ բռնենք մեր դավանությունը։

Վերջապես, Քրիստոսի և Սուրբ Գրքի հանդեպ մեր հարաբերության մեջ միայն երկու ընտրություն կա. դավանել կամ ուրանալ։ Հիսուսը նաև ասաց.

«Արդ ով ինձ մարդկանց առաջ դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Եվ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»։

Մատթեոս 10:32-33

Այս երկու ընտրությունն է տրված մեզ։ Երրորդ ընտրության հնարավորություն չկա։ Հոգևոր բաների մեջ, այս երկար ընթացքի մեջ չկա չեզոքություն։ Հիսուսն ասաց. «Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է» (Մատթեոս 12:30)։ Մենք կա՛մ ճիշտ դավանություն ենք անում ի փրկություն, կա՛մ էլ սխալ դավանություն ենք անում, որը փրկություն չի բերում։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու մեր դավանության Քահանայապետն ես։ Հռչակում եմ, որ ես մարդկանց առաջ դավանում եմ, որ Հիսուսն իմ Տերն է, իսկ նա էլ ինձ է դավանում իր Հոր առաջ, որ երկնքում է։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։