ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. «ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻՆ»

Մոտենա՛նք շնորհի աթոռին

Մենք շնորհի աթոռին ենք մոտենում՝ որևէ հատուկ կարիքների համար Աստծուն խնդրելու։ Եկե՛ք նայենք մի շատ կարևոր պայմանի՝ մեր շարժառիթներին։ Աստված քննում է ամեն մի շարժառիթ. Նա լավ տեղյակ է մեր աղոթելու պատճառներին։ Հակոբոս 4:2-ն ասում է. «չունեք, որովհետև չեք խնդրում»։ Պատճառը, թե ինչու շատ քրիստոնյաներ չեն ունենում, այն է, որ պարզապես չեն խնդրում։ Բայց հետո Հակոբոսն ասում է 3-րդ խոսքում. «Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք»։ Այլ խոսքերով՝ անձնակենտրոն աղոթքները ցույց են տալիս, որ մեր շարժառիթը սխալ է։ Մեր նպատակը պարզապես լինում է հարմարավետությունը, անձնական բավարարվածությունը կամ արտոնություն ստանալը։

Իսկ ո՞րն է ճիշտ շարժառիթը։ Հիսուսն արդեն ասել է այդ մասին. «Եվ ինչ էլ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու մեջ փառավորվի» (Հովհաննես 14:13)։

Սա է այն աղոթքների շարժառիթը, որոնց պատասխանում է Աստված։ Պետք է անկեղծությամբ աղոթել այնպես, որ այդ աղոթքի պատասխանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչպես Պողոսն է բացատրում 2-րդ Կորնթացիներին 1:20-ում. «Որովհետև որքան Աստծու խոստումներ որ կան, նրա մեջ է «այոն», նրանում է «ամենը». Աստծու փառքի համար մեզանով»։ Աստծուն մոտենալու և Իր խոստումները հռչակելու ամբողջ նպատակն այն է, որ, դրանց պատասխանելով, Աստված փառավորվի մեր միջոցով։ Որքան ավելի ու ավելի ենք հռչակում Աստծո խոստումները, այնքան ավելի ենք փառավորում Աստծուն։ Որքան քիչ ենք հռչակում Աստծո խոստումները, այնքան քիչ ենք փառավորում Նրան։ Այն մարդն է Աստծուն ամենաշատը փառավորում, ով Քրիստոսի մեջ Աստծո խոստումներն ամենաշատն է հռչակում։

Աստծուն ընդունելի է այն շարժառիթը, որն աղոթքի համար այնպիսի պատասխան է խնդրում, որի միջոցով Աստված կփառավորվի։ Այս աղոթքները պետք է մատուցվեն Նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունով։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ իմ աղոթքների շարժառիթն այն է, որ իմ աղոթքների պատասխանի մեջ Աստված փառավորվի Հիսուսի Քրիստոսի միջոցով։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։