ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. «ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ»
Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանություն։
Ամեն անգամ, երբ բժշկության ծառայություն եմ անցկացրել, սովորաբար խնդրել եմ մարդկանց, որ վերոնշյալ դավանությունն անեն, որպեսզի այն նրանց պատրաստ դարձնի բժշկության համար։ Թույլ տվեք բացատրել։ Եթե երիկամների խնդիր ունեք, ապա պետք է դավանեք. «Հիսուսն ինքը (հիշե՛ք, որ շեշտը նրա վրա է) վերցրեց իմ տկարություններն ու կրեց իմ հիվանդությունները. նրա վերքերով ես բժշկված եմ»։ Այնուհետև, եթե դեռ ունեք երիկամների այդ խնդիրը, ի՞նչ եք անում։ Պինդ բռնում եք քո դավանությունը։ Դեռևս ունե՞ք այդ խնդիրը ձեր երիկամներում։ Անսայթա՛ք ու պի՛նդ բռնեք ձեր դավանությունը։ Սա ճակատամարտ է։ Հավատացե՛ք, իմ փորձառությունից գիտեմ, որ համառորեն դեպի ձեր բժշկություն ընթանալու ճանապարհը կարող է մի սաստիկ ճակատամարտ լինել։
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակն ասում է հրեա քրիստոնյաներին. «Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով՝ մեղքին հակառակ չեք կանգնել» (Եբրայեցիներին 12:4)։ Մեզ համար սովորական է այն միտքը, որ պետք է պայքարենք մեղքի դեմ, սակայն երբեմն մոռանում ենք, որ հիվանդության դեմ նույնպես պետք է պայքարենք։ Մենք պետք է կռվենք։ Մենք զինվորներ ենք։ Մենք չենք պառկում և թույլ տալիս, որ սատանան քայլի մեր վրայով, քանի որ հեշտությամբ հպատակվելը Աստծուն փառք չի բերում։
Մեր դավանությունն անսայթաք ու պինդ բռնելու առնչությամբ՝ եկե՛ք չկենտրոնանանք բացառապես ֆիզիկական բժշկության վրա, թեկուզ և բժշկության կարիքը մի բան է, որ գրեթե բոլոր մարդկանց է վերաբերում։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսների՞ն։ Ինձ համար, և սա ընդամենը ծիսակարգ չէ, իմ դավանությունը պինդ բռնելն այն միջոցն է, որն արձակում է այն գանձերը, որոնք Աստված պատրաստել է իմ ծառայության համար։ Աստված խոսեց ինձ հետ ու ասաց, որ Նա նախապես հոգացել է այն ամենի համար, ինչը պետք կգա, երբ մենք կատարենք այն, ինչ Աստված ասել է մեզ։ Սակայն այդ ամենը ստանալու համար մենք պետք է հավատանք ու դավանենք։ Եվ ես յուրացրել եմ այդ։ Հետևյալ դավանությունը վերցված է 2-րդ Կորնթացիներին 9:8-ից. «Աստված կարող է բոլոր շնորհներն ավելացնել (մեր) մեջ, որպեսզի (մենք) ամեն բանում ամեն ժամանակ ամեն բավականություն ունենալով՝ ամեն բարի գործի համար առատանանք»։ Փա՜ռք Աստծուն։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Հռչակում եմ, որ ես հավատալով ու դավանելով պայքարում եմ բժշկության և այն ամենի համար, որ Աստված նախապատրաստել է ինձ համար։ Ես անսայթաք և պինդ բռնում եմ իմ դավանությունը։ Ամեն։