ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը

Եբրայեցիների նամակի իններորդ «Եկե՛ք» կոչը գտնվում է 12-րդ գլխի առաջին խոսքում.

«Ուստի մենք էլ, որ մեզ շրջապատած վկաների այսքան բազմություն ունենք, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։

Եբրայեցիներին 12:1

Հայերեն թարգմանության մեջ երկու «Եկե՛ք» կոչ ունենք, որը կատարելապես տրամաբանական թարգմանություն է։ Սակայն այնպես է պատահում, որ հունարեն բնագրում առաջին «Եկե՛ք» արտահայտությունը՝ «դեն գցենք ամեն ծանրություն», այս ձևով չի դրված։ Փոխարենը, այն ներկայացված է դերբայական դարձվածով, որն այսպես է հնչում. «Դեն գցելով ամեն ծանրություն՝ համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։ Վերոնշյալ խոսքում իրական «Եկե՛ք» կոչը, որի վրա պետք է կենտրոնանանք, հետևյալն է. «Համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։

Այստեղ, ինչպես նաև ամբողջ Նոր Կտակարանում, քրիստոնեական կյանքը համեմատվում է ասպարեզի հետ։ Այս համանմանությունը ենթադրում է, որ մեր առջև նախապես դրված ընթացք կա։ Քրիստոնեական կյանքի հաջողությունը այդ ընթացքը մրցույթի կանոններին համապատասխան կատարելու մեջ է։

Այն փաստի վերաբերյալ, որ դեմ առ դեմ հանդիպում ենք մեր առջև դրված այս ասպարեզին, մենք կարիք ունենք հասկանալու, որ ասպարեզի ընթացքը հաջողությամբ կատարելու համար չորս պարտադիր պայման կա, որոնցից յուրաքանչյուրը նշված է Նոր Կտակարանում։ Առաջին, մտքի ճիշտ դիրք։ Երկրորդ, ժուժկալություն։ Երրորդ, համբերություն։ Չորորդ, մեր աչքերը սևեռված լինեն Քրիստոսի վրա։ Եթե մեր մտքում միշտ պահենք այս անհրաժեշտ պայմանները, մենք կարող ենք կատարել ասպարեզի ընթացքն ու պահել հավատը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես մտքի ճիշտ դիրք եմ պահպանում, ժուժկալությամբ եմ գործում, համբերություն եմ ցուցաբերում և իմ աչքերը սևեռած եմ պահում Հիսուսի վրա։ Այս ամենն անելով՝ ես կկատարեմ ասպարեզի իմ ընթացքն ու կպահեմ իմ հավատը։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։