Պինդ բռնենք շնորհը
Մեզ պետք է նայել շնորհակալ լինելու այս հորդորի ետևում ընկած պատմությունը, մինչ կարդում ենք այն Եբրայեցիների նամակում, որտեղ գտնում ենք հետևյալ բավական խիստ նախազգուշացումը։ Հեղինակը մի զուգահեռ մեջբերում է կիրառում Հին Կտակարանից, երբ Աստված Մովսեսի միջոցով խոսում էր Իսրայելի հետ.
«Զգու՛յշ կացեք, որ չմերժեք նրան, ով խոսեց, որովհետև եթե այս երկրի վրա պատգամ տվողին մերժողները չկարողացան ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, ում ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստացել է ու ասում է.
«Մյուս անգամ ևս կշարժեմ, ոչ միայն երկինքը, այլ երկիրն էլ»։ Բայց այն «մյուս անգամը» ցույց է տալիս, որ շարժվող բաներն իբրև եղածներ պիտի փոխվեն, որպեսզի չշարժվողները հաստատ մնան»։
Եբրայեցիներին 12:25-27
Շնորհակալությունը պատշաճ արձագանք է այն բացառիկ արտոնություններին ու բարիքներին, որ մենք ունենք Աստծո մեջ։ Մենք կախված չենք շարժվող թագավորությունից։ Մենք ունենք մի հավիտենական ու հաստատուն թագավորություն՝ Աստծո իսկ թագավորությունը, որն «արդարություն է, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներին 14:17)։ Մեր շուրջբոլորը շարժվող ամեն բանի՝ վշտի, անորոշության, դժվարության, խառնաշփոթի, ատելության, բաժանումների, պատերազմի ու վախի մեջ լինելով՝ մենք մի հաստատուն թագավորություն ունենք։ Մենք ունենք խաղաղություն, ապահովություն և նպատակ։ Ո՞րն է պատշաճ արձագանքը։ Միայն մեկն է՝ շնորհակալությունը։ «Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ պինդ բռնենք շնորհը» (Եբրայեցիներին 12:28), մեր երախտագիտությունն արտահայտենք Աստծուն։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես իմ կյանքում։ Հռչակում եմ, որ ես, «անշարժ թագավորություն ընդունած լինելով», շնորհակալ կլինեմ և երախտագիտությունս կհայտնեմ։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։