ՀՈՒՆՎԱՐԻ 17. «ՆԵՐՄԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։
Ներումը ամենագեղեցիկ բառերից մեկն է յուրաքանչյուր լեզվում։ Ինչն է այն այդքան հատուկ և գեղեցիկ բառ դարձնում։ Մտածե՛ք մի քանի արդյունքների մասին, որոնք բխում են ներումից․հաշտություն, խաղաղություն, ներդաշնակություն, հասկացողություն, հաղորդակցություն։ Մեր աշխարհն այսօր որքա՜ն կարիք ունի նման բաների։
Սրան հակառակ՝ պատկերացրեք մի շարք հետևանքներ, որոնք բխում են ներելու և ներումն ընդունելու ձախողումից. դառնություն, վեճ, աններդաշնակություն, ատելություն և պատերազմ։ Ժամանակ առ ժամանակ թվում է՝ ամբողջ մարդկային ցեղը այս մեծագույն չարիքից, բացասական ուժից պարտվելու վտանգի մեջ է։
Աստվածաշնչում ներկայացված է ներման երկու ուղղություն։ Այս երկու ուղղությունները ներկայացված են մեր քրիստոնեական հավատի մեծագույն խորհրդանիշով՝ խաչով։ Խաչը երկու ուղղություն ունի՝ ուղղահայաց և հորիզոնական, որն էլ ներկայացնում է ներման երկու ուղղությունները։ Ուղղահայաց ուղղությունը ներկայացնում է այն ներումը, որը մենք բոլորս կարիք ունենք ընդունել Աստծուց, և հնարավոր է ընդունել միայն Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն ու հարությունը ճանաչելով։ Հորիզոնական ուղղությունը ներկայացնում է մեր հարաբերությունները մտերիմների հետ, և այն խոսում է այն ներման մասին, որը, այս առումով, երկու ուղղություն ունի. ներումը, որը պետք է ընդունենք ուրիշներից և ներումը, որը պետք է տարածենք ուրիշների հանդեպ։ Եվս մեկ անգամ պետք է ասել, որ միակ վայրը, որտեղ կարող ենք շնորհք ստանալ այդ ներման համար, խաչն է։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ ես ոչ միայն ընդունում եմ Աստծո ներումը, ես նաև ինքնին բացվում եմ՝ ընդունելու այլ մարդկանց ներումը և ես նաև տարածում եմ իմ ներումը նրանց հանդեպ։ Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։