ՓԵՏՐՎԱՐԻ 2. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ»
Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։
Աստված անարդար մարդկանց արդար է դարձնում։ Աստվածաշունչն է այդ մասին ասում, և ես հավատում եմ դրան։ Եկե՛ք մի պարզ խոսք նայենք, որը հաստատում է այս ճշմարտությունը. «Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծո արդարները լինենք» (2-րդ Կորնթացիների 5։21)։
Այս համարում ես սիրում եմ դերանունների փոխարեն անուններ դնել. «Որովհետև Աստված Հիսուսին, որ մեղք չգիտեր, քեզ և ինձ համար մեղք արեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծո արդարները լինենք»։ Այստեղ բացարձակ փոխանակում կա. Հիսուսը մեր մեղքի հետ մեկացավ, որ մենք արդար լինենք նրա արդարությամբ։ Այս արդարությունը մատչելի է միայն նրա արյան հանդեպ ունեցած հավատքով։
Արդարության հետևանքն այն է, որ անմիջապես առաջանում են որոշակի և հստակ տեսանելի արդյունքներ։ Եկե՛ք նայենք Աստվածաշնչում հիշատակված այս արդյունքներից մեկին։ Իրականում մեր կենսակերպը, վերաբերմունքը, հարաբերությունները և մեր քրիստոնեական կյանքի և ծառայության արդյունավետությունը կախված է այն բանից, թե մենք որքանով ենք գիտակցում մեր արդարացված լինելը։ Առակաց 28:1-ում կարդում ենք. «Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկի կողմից հալածվելու, բայց արդարներն առյուծի պես ապահով են»։
Այսօր շատ քրիստոնյաներ համարձակության պակաս ունեն։ Նրանք վախկոտ և անհամարձակ են։ Նրանք հանձնվում են, երբ բախվում են չարին կամ էլ սատանային։ Սրա արմատն այն է, որ նրանք ձախողվել են ճանաչելու այն փաստը, որ Աստծո աչքերում արդար են՝ այնպես արդար, ինչպես Հիսուս Քրիստոսն է։ Երբ մենք գնահատում ենք այս ճշմարտությունը, այն մեզ համարձակ է դարձնում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ արդարացված եմ նրա արդարությամբ և ես հավատքով քայլ եմ կատարում այն համարձակության մեջ, որը բխում է այս գիտակցումից։ Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։